Սինոդի նիստերը հանդիսավորապես փակվեցին 2015թ. սեպտեմբերի 10-ին, Լևոնյան վարժարանում: Հաջորդ նստաշրջանը նախատեսված է 2016թ. սեպտեմբերի 13-21-ը, Զմմառում:
11 սեպտեմբերի, 2015թ.
Հայ կաթողիկէ եպիսկոպոսների արտահերթ սինոդի նիստերը տեղի ունեցան Հռոմի Լևոնյան վարժարանում, 2015թ. սեպտեմբերի 1-10-ը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 7-ին հայ եպիսկոպոսները Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի գլխավորությամբ Հռոմի Սրբազան Պապի հետ միասին Սբ. Պատարագ մատուցեցին Հռոմի Սուրբ Մարթայի տաճարում: Քահանայապետի և Պատրիարքի միասնական հաղորդությունը Սուրբ Զոհին՝ լրումն ու արտահայտությունն էր նրանց միջև եկեղեցական հաղորդության հաստատման: Սրբազան Պապը նորընտիր Պատրիարքին եկեղեցական հաղորդությունը շնորհել էր դեռևս 2015թ. հուլիսի 25-ին: Սրբազան Քահանայապետի խոսքին արդեն անդրադարձել ենք:
Նույն օրը, ինչպես հայտնում է Ռադիո Վատիկանը, Արևելյան եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով ևս ներկա էր Սբ. Պատարագին, «Մեծն Սուրբ Գրիգոր» շքանշանով պարգևատրեց Գրիգոր Նարեկացու մատենագրության ֆրանսիացի ուսումնասիրող, մեծ հայագետ Ժան Պիեռ Մահեին:
Սինոդական նիստերի ընթացքում հայ եպիսկոպոսները քննարկել են հայ կաթողիկէ համայնքների հրատապ լուծում պահանջող հարցեր, ընդունել են որոշումներ, որոնց մասին հետագայում կլինեն առանձին հայտարարություններ և կարգադրություններ: Կատարվել են եպիսկոպոսական ընտրություններ: Առայժմ պաշտոնապես հայտարարվել է Գերհ. Հ. Գէորգ ծ.վ. Ասատուրյանի եպիսկոպոսական ընտրության մասին: Հայր Գէորգը եպիսկոպոս կձեռնադրվի 2015թ. նոյեմբերի 21-ին:
Նիստերի ընթացքում սինոդական հայրերի ուշադրության կենտրոնում են եղել.
1.Միջին Արևելքի քրիստոնյաների վիճակը, նրանց օգնություն տրամադրելու հարցերը, գաղթականության հետևանքով համայնքներում ստեղծվող ճգնաժամային դրությունը, հատկապես Սիրիայում և Իրաքում,
2.Հայ Կաթողիկէ Եկեղեցու մասնահատուկ կանոնագրքի վերանայման կարևորությունը,
3.միջհամայնքային և միջեկեղեցական երկխոսության զարգացման հեռանկարները.Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հրավերով, Ամենապատիվ Հոգևոր Տէրը և սինոդական հայրերը 2015թ. սեպտեմբերի 24-ին կմասնակցեն Գյումրիի նորակառույց Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը: Հոգևոր Տերը նաև կհանդիպի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի, Հայաստանի պետական պաշտոնյաների հետ, կմասնակցի Սբ. Էջմիածնում տեղի ունենալիք Մյուռոնօրհնեքի արարողությանը,
4.հայ երիտասարդության ակտիվ մասնակցությունը 2016թ. հուլիսին Լեհաստանում Կաթողիկէ Եկեղեցու կազմակերպելիք Երիտասարդության համաշխարհային օր միջոցառմանը և այլ հարցեր: