Եկեղեցու գերխնդիրը հոգիների փրկությունն է:
9 սեպտեմբերի, 2015թ.
2015թ. սեպտեմբերի 8-ին Ֆրանցիսկոս Սրբազան Պապը հրապարակեց երկու ինքնագիր առաքելական նամակներ, որոնք փոփոխություններ են մտցնում Սբ. Պսակի անվավերականության դատական գործընթացը կարգավորող եկեղեցական կանոններում՝ թե լատին և թե արևելյան կաթողիկէ եկեղեցիների կանոնագրքերում:
Առաջին նամակը, որը վերաբերում է արևմտյան եկեղեցիներին, կոչվում է Mitis Iudex Dominus Iesus՝ Տեր Հիսուս՝ Խոնարհ Դատավորը, իսկ երկրորդը, որը վերաբերում է արևելյան եկեղեցիներին, կոչվում է Mitis et misericors Iesus՝ Խոնարհ և Գթասիրտ Հիսուսը:
Քահանայապետը գրում է, որ Եկեղեցին կանոնագիտության մեջ միշտ առաջնորդվել է մարդու հոգու փրկության առաջնահերթ հանձնարարականով, ինչն էլ դրդել է իրեն ներկայացնել նոր բարեփոխումներ՝ ի խնդիր հավատքի և Սբ. Պսակի կանոնների ընդհանրական միության, քրիստոնեական ընտանիքի հիմքերի պաշտպանության:
Նամակները հանրության ուշադրությանը ներկայացվեցին մամլո ասուլիսի ընթացքում՝ Սուրբ Աթոռի բարձրաստիճան հոգևորականների կողմից, ովքեր նկատեցին, որ սա Եկեղեցու պատմության մեջ կանոնագրքի երրորդ բարեփոխումն է (նախորդները եղել են 1741թ. և 1908թ.):
Բարեփոխումները, անխախատ պահելով Սբ. Պսակի մասին Կաթողիկէ Եկեղեցու աստվածաբանությունը, արագացնում և հասանելի են դարձնում անվավերականության դատական գործընթացները, որպեսզի հավատացյալը, սպասելով իր վիճակի մասին եկեղեցական ատյանների որոշմանը, «երկար ժամանակ չմնա կասկածանքի խավարում», ինչպես գրում է Պապը:
Լայնանում են տեղական եպիսկոպոսի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություններ, առանց Սուրբ Աթոռին դիմելու անհրաժեշտության: Եպիսկոպոսն այլևս կենտրոնական դիրք ունի անվավերականության դատական գործընթացում, նա դատավոր և բժիշկ է, ինչպես սովորեցնում են արևելյան հայրերը: Դատավորից պահանջվում է ճշգրտություն՝ հավատքի բոլոր հարցերի մասով, իսկ օրենքների կիրառության մեջ՝ տեսչական խոհականություն՝ ի նպաստ հոգիների փրկության, որը Եկեղեցու գերագույն օրենքն է: Փոխվում են բողոքարկման մասին, զույգ դատավճիռներ պահանջող կանոնները: Սրբազան Պապը նաև անվճար է դարձնում անվավերականության դատական գործընթացը՝ շեշտելով Եկեղեցու մայրական հոգատարությունը և Քրիստոսի ձրիաբար բաշխվող սերը՝ Աստծո ժողովրդին: Ամբողջովին փոխվում են Արևելյան եկեղեցիների կանոնագրքի 1357-1377-րդ կանոնները: