«Իմ ցանկությունն այն է, որ այս հոբելյանը լինի Հայր Աստծո մտերմությունը զգալու կենդանի փորձառություն…որպեսզի յուրաքանչյուր հավատացյալի հավատքը զորանա».գրում է Քահանայապետը:
2 օգոստոսի, 2015թ.
2015թ. սեպտեմբերի 1-ին Սրբազան Քահանայապետը հրապարակեց մի նամակ՝ Ողորմության հոբելյանական տարվա ընթացքում լիակատար թողությունների կամ ինդուլգենցիաների շնորհման մասին: Պապի այս քայլի առիթը իր իսկ կողմից հայտարարված Ողորմության հոբելյանական տարին է, որը կմեկնարկի 2015թ. դեկտեմբերի 8-ին և կտևի մինչև 2016թ. նոյեմբերի 20-ը:
Կաթողիկէ Եկեղեցու Կանոնների կոդեքսի բացատրությամբ, «ինդուլգենցիան Աստծո առջև մեղքերի ժամանակավոր պատժի թողությունն է, մեղքերի ներումը ստանալուց հետո: Հավատացյալը…ստանում է այն խիստ սահմանված պայմաններով, Եկեղեցու միջամտությամբ, որը, որպես քավության սպասուհի, իրավազորությամբ օգտվում է Քրիստոսի և սրբերի գանձարանից…»., Կանոն 992:
Ի՞նչ է սա նշանակում:
Մեղքը անհետևանք չի մնում հավատացյալի կյանքում: Խոստովանության խորհուրդն ընդունելուց և մեղքի ներում ստանալուց հետո, թեև հավատացյալն ազատվում է հավիտենական պատժից և հաշտվում Աստծո հետ, բայց ստիպված է լինում կրել իր գործած մեղքերի հետևանքները կամ ժամանակավոր պատիժները՝ այս կյանքում կամ մահից հետո՝ ցավերի, հիվանդությունների, փորձությունների և այլ դժվարությունների միջոցով, որոնք կարող է հաղթահարել աղոթքով, պահեցողությամբ, սիրո գործերով, քահանայի նշանակած ապաշխարանքով: Ինդուլգենցիայով Եկեղեցին Քրիստոսից ստացած իր իշխանությամբ, հավատացյալներին ժամանակավոր պատիժներից լրիվ կամ մասնակի ազատելու համար, Տիրոջն է առաջարկում Քրիստոսի և սրբերի վաստակների գանձարանի պտուղները՝ որպես հատուցում: Ինդուլգենցիան, ուրեմն, Եկեղեցու կատարած հատուցումն է՝ հավատացյալի փոխարեն՝ Քրիստոսի և սրբերի վաստակներից: Ինդուլգենցիայի շնորհումը Խոստովանության Սբ. Խորհրդից զատ կատարվող իրավական կարգադրություն է (Տե՛ս Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականը, կետեր՝ 1471-1478):
Ընդհանուր թողություն կամ ինդուլգենցիա շնորհելու իրավունքը Սրբազան Պապինն է: Այս նամակով Սրբազան Պապը ինդուլգենցիա ստանալու հնարավորություն է շնորհում բոլոր կաթողիկէ հավատացյալներին, ովքեր Խոստովանության խորհուրդը կընդունեն կոնկրետ սահմանված եկեղեցիներում և այդ լիազորությամբ շնորհված կոնկրետ քահանաներից:
Հիվանդներին ու ծերերին, ովքեր չեն կարողանում հաճախել Եկեղեցի, Քահանայապետը խնդրում է հիշել, որ իրենց տառապանքը պետք է ապրեն՝ որպես Քրիստոսի հետ մտերմության մի փորձառություն, Ով նոր իմաստ տվեց մարդկային տառապանքին՝ իր խաչելությամբ և Հարությամբ:
Ողորմության հոբելյանական տարին ընդհանուր ներման հնարավորություն է բանտարկյալների համար, ովքեր, ի սրտե զղջալով, կարող են արժանանալ Աստծո ողորմությանը և ներմանը: Քահանայապետը վստահեցնում է, որ բոլոր այն հավատացյալները, ովքեր այս հոբելյանական տարին անձամբ կկատարեն գթասրտության գործեր, կվաստակեն հոբելյանական ինդուլգենցիաներ՝ թողություններ ոչ միայն իրենց, այլև՝ իրենց ննջեցյալների համար:
Քահանայապետը հատուկ ուշադրություն է հրավիրում աբորտի երևույթի վրա՝ շեշտելով, որ մարդիկ չեն հասկանում այդ հրեշավոր քայլի արատավոր էությունն ու հետևանքները: Շատ կանանց մոտ, ովքեր իրապես զղջում են իրենց կատարած աբորտների համար, հոգեկան խոր վերքեր են կրում և կարիքն ունենան Աստծո հետ հաշտության և հոգևոր նորոգման: Այդ պատճառով, Սրբազան Քահանայապետն այս հոբելյանական տարվա առիթով բոլոր քահանաներին շնորհում է աբորտի մեղքից արձակելու լիազորությունը՝ Խոստովանության խորհրդի միջոցով:
Աբորտի մեղքը ներելու իրավունքը, ըստ Կաթողիկէ կանոների կոդեքսի 728-րդ կանոնի, պատկանում է միայն եպիսկոպոսին: