• Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը հանդիպել է ՀՀ Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարների հետ:

    Գյումրիի «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցու օծմանը հրավիրված են բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ, պետական գործիչներ, մշակութային և հասարակական գործիչներ՝ ոչ միայն Հայաստանից, այլև՝ տարբեր երկրներից:


    28 օգոստոսի, 2015թ.

    2015թ. օգոստոսի 26-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը այցելել է ՀՀ Սփյուռքի նախարարություն և զրուցել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Սրբազան Հորն ընկերակցել են Մեծ Բրիտանիայում Պաղեստինի դեսպան Մանուել Հասսասսյանը՝ եղբոր՝ Հովհաննես Հասսասսյանի հետ միասին, ովքեր Ռաֆայել Սրբազանի մտերիմներ են՝ հայ կաթողիկէ հավատացյալներ:

     

    Ռաֆայել Սրբազան ՀՀ Սփյուռքի նախարարին է ներկայացրել պրն.դեսպանին և նրա եղբորը, զրուցել են Պաղեստինում հայկական համայնքի խնդիրների, Սփյուռքի նախարարության և պաղեստինահայ համայնքի միջև համագործակցության հնարավոր ուղիների մասին: Խոսել են նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների մասին:

     

    Սրբազան Հայրը տկն. Հրանուշ Հակոբյանին է նվիրել ամերիկահայ մատենագետ Էդդի Եղիայանի կազմած “The Armenian Genocide” անգլերեն ծավալուն մատենագիտական աշխատությունը, որը Ռաֆայել Սրբազանի խնդրանքով այս տարի հրատարակել է Վատիկանի հրատարակչատունը:

     

    Գրքում ներկայացված է Հայոց Ցեղասպանության մասին աշխարհի տարբեր անկյուններում տարբեր լեզուներով հրատարակված գրեթե ամբողջ գրականության, հոդվածների ցանկը՝ համառոտ նկարագրություններով: Գրքի շնորհանդեսը նախատեսված է կազմակերպել 2015թ. հոկտեմբերին, հանդիսավոր արարողությամբ:

     

    Տկն. Հրանուշ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով այս բացառիկ նվերի համար, կարևորել է այդ գրքի հրատարակումը հատկապես Վատիկանի կողմից, ինչը, ըստ նրա, կնպաստի, որ գիրքն արագորեն տարածվի և դառնա աղբյուրագիտական հիմք՝ այլազգի հետազոտողների և ցեղասպանագետների համար:

     

    Ռաֆայել Սրբազանը տկն. Հրանուշ Հակոբյանին հրավիրել է 2015թ. սեպտեմբերի 24-ին ներկա գտնվելու Գյումրիի «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությանը:

     

    2015թ. օգոստոսի 27-ին Ռաֆայել Սրբազանը հանդիպել է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ, զրուցել Ցեղասպանության հիշատակությանը նվիրված պետական միջոցառումների ձեռքբերումների, միջազգային ճանաչման հետ կապված խնդիրների մասին և հրավիրել նախարարին ներկա գտնվելու սեպտեմբերի 24-ին Գյումրիում կայանալիք պատմական իրադարձությանը:

     

    IMG_6707 IMG_6724

     

     

Օրացույց

Օրացույց