• Վատիկանը թողարկելու է հայ սրբերի նկարներով նամականիշեր

    Հայ սրբերը սկսում են մեծ ժողովրդականություն վայելել Կաթողիկէ աշխարհում:


    16 օգոստոսի, 2015թ.

    Վատիկան քաղաք-պետության կառավարության ֆիլատելիստական գրասենյակը 2015թ. սեպտեմբերին թողարկելու է նամականիշեր՝ Սբ. Գրիգոր Նարեկացու և Երանելի Իգնատիոս Մալոյանի պատկերներով: Այս մասին գրում է Կաթողիկէ Եկեղեցու պաշտոնական լրատվությունը ներկայացնող zenith.org լրատվական գործակալությունը և տեղեկություններ հաղորդում այդ երկու ականավոր հայերի մասին:

     

    Ըստ այդմ, գործակալությունը տեղեկացնում է, որ Երանելի Իգնատիոս Մալոյանը նահատակվել է 100 տարի առաջ, եղել է Թուրքիայի Մարտին քաղաքի եպիկոպոսը, իր հովվության բոլոր համայնքներում զարգացրել է Հիսուսի Սուրբ Սրտի և Աստվածածնի հանդեպ ջերմեռանդական աղոթքները: Երիտթուրքական կառավարության հավատուրացության պահանջին պատասխանել է, որ կնախընտրի մեռնել ու Խաչի փառքը վաստակել, քան թողնել ճշմարիտ հավատքը:

     

    Սբ. Գրիգոր Նարեկացու մասին գործակալությունը հիշեցնում է, որը 2015թ. ապրիլի 12-ին Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետը այդ մեծ սրբին հռչակեց «Եկեղեցու վարդապետ»: Նա մեկն է Կաթողիկէ Եկեղեցու 36 Վարդապետներից և մեծ տեղ ունի ընդհանրական Եկեղեցու ականավոր աստվածաբանների կողքին՝ իր անմահ «Մատյան ողբերգության» ստեղծագործությամբ, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:

     

    Ըստ Ռադիո Վատիկանի հայկական բաժնի տեղեկությունների,

    Վատիկանի որոշումը արձագանքն է Երջանկահիշատակ Ամեն. Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի խնդրանքի: Նամականիշի արժեքը 4 եվրո է:

     

    Վատիկանը հայ սրբերին նվիրված նամականիշեր թողարկել է նաև 1973թ.՝ Սբ. Ներսես Շնորհալու մահվան 800-ամյակին, և 2001թ.՝ Տրդատ թագավորի և հայոց մկրտության 1700-ամյակի առիթով:

Օրացույց

Օրացույց