2015թ. օգոստոսի 14-ին ավարտվեց «Աղաջանյան» ճամբարի երրորդ փուլը, որին մասնակցեց մոտ 90 երեխա:
16 օգոստոսի, 2015թ.
2015թ. հունիսի 27-ից օգոստոսի 14-ը, ընդմիջումներով և 7 օր տևողությամբ երեք փուլերի ընթացքում, «Աղաջանյան» ճամբարում ամառային հանգիստ անցկացրեց 10-16 տարեկան մոտ 350 երեխա՝ Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկէ տարբեր համայնքներից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեխաների ակտիվ հանգիստը ճամբարում ուղեկցվում էր հոգևոր դասընթացներով, ամենօրյա Սբ. Պատարագներով, իսկ վերջին փուլի ընթացքում՝ նաև ամենօրյա ժամերգություններով, որոնց երեխաները մասնակցում էին ըստ ցանկության: Երեխաների հետ աշխատեցին 5 հոգևորականներ, ովքեր դասավանդում էին քրիստոնեական, Սբ. Պատարագի երգեցողություն, մատակարարում Ապաշխարության և Սբ. Պատարագի խորհուրդները, մկրտում այն չմկրտվածներին, ում ծնողները ցանկություն էին հայտնում, որ իրենց զավակները մկրտվեն Հայ Կաթողիկէ Եկեղեցում: Վերջին երրորդ փուլի ընթացքում մկրտվեց ևս 9 երեխա: Երեք փուլերի ընթացքում ճամբարում մկրտվեց 32 երեխա:
Երեխաների հետ աշխատեց մոտ երկու տասնյակ ջոկատավար՝ Հայաստանի համայնքներից: Երրորդ փուլում նրանց միացան երկու սիրիահայ ճեմարանական եղբայրներ՝ Միլադ Սադոն և Արամ Սադոն, ովքեր սովորում են Հռոմի Գրիգորյան համալսարանում և Լևոնյան վարժարանում:
Օգոստոսի 13-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հետ միասին ճամբարականներին այցելեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, ում համար երեխաները գեղեցիկ միջոցառում էին պատրաստել՝ հայկական ժողովրդական երգ ու պարով, ուրախ տրամադրությամբ և ջերմ ընդունելությամբ: Դեսպանը Ռաֆայել Սրբազանի և հայ կաթողիկէների բարեկամն է: