• Նորօծ վարդապետն իր առաջին Սբ. Պատարագը մատուցեց առաջնորդանիստ տաճարում

    «Ես էլ այս համայնքի խանձարուրում եմ ծնվել»:


    16 օգոստոսի, 2015թ.

    2015թ. օգոստոսի 16-ին՝ Աստվածածնի Վերափոխման տոնին Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը մատուցեց իր անդրանիկ Սբ. Պատարագը՝ ներկայությամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի և առընթերակայությամբ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահյանի, Գյումրիի «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ տաճարում:

     

    Անդրանիկ Սբ. Պատարագը շատ հուզիչ էր նորօծ վարդապետի համար, ստիպում էր լարվել, բայց աղոթքների և ավագ հոգևորականների օգնությամբ Հայր Նարեկը շատ գեղեցիկ ձևով մատուցեց իր առաջին Սբ. Զոհը, իսկ քարոզի ժամանակ, հիմնվելով օրվա ավետարանական ընթերցվածի վրա, որտեղ պատմվում է Հիսուս մանկան ծննդյան և խանձարուրում փաթաթվելու, մսուրի մեջ դրվելու մասին, ասաց հետևյալը.

     

    «Ես էլ այս համայնքի խանձարուրում եմ ծնվել: Համայնքը դեռ նոր էր կայացել: Ես էլ մանուկ լինելով՝ փաթաթվեցի այդ խանձարուրի մեջ: Տարիներ ի վեր Հայ Կաթողիկէ Եկեեցին Հայաստանում փափագում էր ունենալ եկեղեցի: Ինձանից շատ ավելի արժանավորներ անգամ հնարավորություն չունեցան տեսնելու այս եկեղեցին: Ես երախտապարտ եմ Աստծուն այն շնորհի համար, որ ոչ միայն արժանացա տեսնելու այս եկեղեցին, այլև քահանայական ձեռնադրություն ստանալու այստեղ, իմ անդրանիկ Պատարագը մատուցելու այստեղ և նաև աթոռանիստ եկեղեցու առաջին Սբ. Պատարագը…

    Խնդրու՛մ եմ կիսել ինձ հետ իմ այս անսահման ուրախությունը, մանավանդ այսօր մեծ տոն է՝ Աստվածամոր Վերափոխումը կամ Ննջումը…

    Երբ նոր էի Հռոմ հասել, լսեցի Քահանայապետի քարոզը: Նա ասաց.երբ Աստվածածինը այցելեց Եղիսաբեթին, իր հետ տարավ Քրիստոսին: Աստվածածինն է կերպարը Եկեղեցու: Եթե յուրաքանչյուր քրիստոնյա, յուրաքանչյուր համայնք իր մեջ չի կրում Քրիստոսին, եթե չի ավետարանում բարի լուրը, որ է Քրիստոս, ուրեմն այդ անձը, համայնքը մեռած է: Սիրելինե՛ր, փափագս է, որ յուրաքանչյուրս կենդանի կերպով մոտենալով Քրիստոսին, առնելով Նրա Սուրբ Մարմինը և Արյունը, Եկեղեցու պատերից դուրս գալուց հետո չմոռանանք և շարունակենք ավետարանել:

    Խնդրում եմ ձեր աղոթքները իմ և իմ առաքելությանս համար»:

     

    Սբ. Պատարագից հետո կատարվեց խաղողօրհնեքի կարգ, որից հետո հավատացյալները շնորհավորեցին Հայր Նարեկին՝ իր անդրանիկ Սբ. Պատարագը մատուցելու առիթով, համբուրեցին նրա նորօծ ձեռքերը:

    English    Русский

    DSC06132 DSC06133 DSC06138 DSC06141

Օրացույց

Օրացույց