«Մի՛ վախեցիր մեր Տիրոջ համար վկայություն տալուց…այլ ինձ նման հանձն ա՛ռ չարչարվել Ավետարանի համար, որքան որ քեզ կարողություն տա Աստված».Բ Տիմ.,1:8:
16 օգոստոսի, 2015թ.
2015թ. օգոստոսի 15-ին Գյումրիի «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցում Սբ. Պատարագից առաջ տեղի ունեցավ Վահե Ղազարյանի սարկավագական ձեռնադրությունը՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի և առընթերակայությամբ այլ հոգևորականների:
Սարկավագի և քահանայի ձեռնադրման արարողությունները սովորաբար կատարվում են Սբ. Պատարագի ընթացքում, բայց քանի որ նույն օրը նախատեսված էր նաև Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի քահանայական ձեռնադրությունը, ուստի Վահեի ձեռնադրությունը կատարվեց նախքան Սբ. Պատարագը:
Սարկավագի աստիճանը պատկանում է քահանայական կարգին, բայց դեռևս քահանայություն չէ.սարկավագը օգնում է եպիսկոպոսին և քահանային՝ ծառայելու Աստծո ժողովրդին, բայց իրավունք չունի սուրբ խորհուրդները մատակարարելու, բայց Սբ. Պատարագի ժամանակ կարող է Ավետարան ընթերցել, Սբ. Հաղորդություն բաժանել: Սարկավագը Քրիստոսի լուծը կրում է միայն մասամբ, իսկ քահանան՝ ամբողջությամբ: Դա է պատճառը, որ սարկավագը կրում է քահանայական ուրարի միայն մի մասը՝ ձախ ուսին:
Վահեն ձեռնադրության ժամանակ, ըստ կարգի, եպիսկոպոսից ստացավ, ուսուրարը, բուրվառով խնկարկելու և Սբ. Պատարագի ժամանակ Ավետարան կարդալու իշխանություն:
Վահե Լազարյանն այսուհետ կկոչվի Տ. Մաշտոց սարկավագ Ղազարյան: «Մաշտոց» անունը Վահեն որդեգրել է դեռևս Մխիթարյան Միաբանության ճեմարանում սովորելու տարիներին.այդ անունը շատ հարազատ է նրա գործունեությանը:
Կենսագրական տեղեկություններ
Ծնվել է 1974թ. հունվարի 23-ին, Երևանում:
1980-1990թթ. սովորել է Երեւանի թիվ 49 Միջնակարգ դպրոցում, 1990-1993թթ.՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գևորգյան» Հոգևոր Ճեմարանում, 1993-1999թթ.՝ Մխիթարեան Միաբանութեան ընծայարանում:
1993-2000թթ. եղբայր Մաշտոցն աշխատել է Վենետիկի Մխիթարեան Հրատարակչատանը եւ Սուրբ Ղազարի Թանգարանում:
2000-2001թթ. աշխատել է Երեւանի Մխիթարյան Կենտրոնի հրատարակչական բաժնում,
2001թ.՝ Վատիկանի Պետական Քարտուղարությունում, թարգմանել է Ն.Ս. Հովհաննես Պողոս Բ. Սրբազան Քահանայապետի Հայաստան այցի պաշտոնական ճառերն ու ծիսական գրությունները:
2002-2003թթ. աշխատել է Վենետիկի Մխիթարյան Միաբանութեան Ընդհ. Աբբահոր Քարտուղարությունում, Ռադիո Վատիկանի հայկական բաժնում, դասավանդել է Անարատ Հղութեան Հայ Մայրապետների նորընծայուհիներին, Հռոմի Լևոնյան Հայ Վարժարանում (որպես հայոց լեզվի ուսուցիչ):
2004թ.-ից www.mashtoz.org կայքի խմբագիրն է: 2004-2005թթ. Վենետիկի Մխիթարեան Գրադարանի հնատիպ գրքերի կատալոգի ստեղծում (3.500-ից աւելի հնատիպ գրքերի նկարագրութիւն ու ցանկագրում).
2006թ.-ից ներգրավված է Հայաստանում կրոնական զբոսաշրջության կազմակերպման գործում:
2007-2010թթ. մասնակցել է Վենետիկի Մխիթարյան գրադարանի հնատիպ գրքերի կատալոգի ստեղծմանը (կատարել է 2.000-ից ավելի հնատիպ գրքերի նկարագրություն ու ցանկագրում):
2010թ.-ից «Ընդհանրական» Հրատարակչատան հիմնադիր տնօրենն է:
Տ. Մաշտոց սրկ. Ղազարյանն ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Տ. Մաշտոց սարկավագ Ղազարյանի կողմից թարգմանված և հրատարվակած գրքեր
Հրատարակութեան պատրաստ գրքեր
Այս գրքերի մի մասը կարելի է ընթերցել նաև էլոկտրոնային տարբերակով՝ www.mashtoz.org կայքում: