• Հայ Կաթողիկէ Եկեղեցին ունի նոր վարդապետ՝ Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը

    «Նարեկն իր մանկությունից լողացել է հոսանքին հակառակ»:


    15 օգոստոսի, 2015թ.

    2015թ. օգոստոսի 15-ին Գյումրիի նորակառույց Սրբոց նահատակաց եկեղեցում Տ. Նարեկ սարկավագ Մնոյանը ձեռնադրվեց և օծվեց քահանա՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի կաթողիկէ հայոց:

     

    Ձեռնադրության արարողությունը կատարվեց յընթացս Սբ. Պատարագի, որը մատուցվեց ձեռամբ Ռաֆայել Սրբազանի և առընթերակայությամբ Հայաստանի, Վրաստանի և Արլ. Եվրոպայի հայ կաթողիկէ համայնքներում ծառայող հոգևորականների (Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահյան, Գերպ. Հ. Ներսես վրդ. Գալստյան, Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյան, Գերպ. Հ. Անտոն վրդ. Գրիգորյան, Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկ, Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյան, Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյան, Արժ. Տ. Կարապետ քհն. Թադէոսյան): Ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներ Հոգշն. Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը և Արժ. Տ. Աբգար քհն. Մարգարյանը, ովքեր նորօծ վարդապետի համակուրսեցիներն են եղել, ինչպես նաև՝ սիրիահայ հյուրեր, նորօծ վարդապետի ազգականները և հավատացյալներ:

     

    Գեղեցիկ և հուզիչ արարողության ընթացքում, որը կատարվում է Սբ. Պատարագի առաջին մասում, ըստ կարգի, ձեռնադրվողը ծնկաչոք նստեց արքեպիսկոպոսի առջև, ով ի շարս այլ գեղեցիկ աղոթքների, ձեռքերը խաչանման դնելով նրա գլխին՝ ասաց հետևյալը.

     

    Ես դնեմ զձեռս ի վերայ եւ դուք ամենեքեան աղօթս արարէք, զի արժանի լիցի սա զաստիճան քահանայութեան անարատ պահել առաջի սեղանոյ Տեառն Աստուծոյ զամենայն աւուրս կենաց իւրոյ…

     

    Սրբազանը առընթերակա քահանաների օգնությամբ և հատուկ խոսքերով նվիրյալին հագցրեց քահանայական հանդերձանքի մասերը, ապա սուրբ մյուռոնով օծեց նրա ձեռքերն ու ճակատը: Այս գեղեցիկ տեսարանից հետո արքեպիսկոպոսի խնդրանքով նորօծ քահանան իր առաջին օրհնությունն ու խաղաղությունը տվեց հավատացյալներին: Մեկ այլ հուզիչ պահ է՝ Սուրբ Հոգու տվչությունը. Սրբազան Հայրը փչեց նվիրյալի գլխին՝ ասելով Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը.

     

    Ա՛ռ զՍուրբ Հոգին, եթէ ումեք թողուցուս զմեղս, թողեալ լիցի նոցա եւ եթէ զուրուք ունիցիս, կալեալ լիցի…

     

    Այս հոգեպարար արարողությունից հետո շարունակվեց Սբ. Պատարագը, որի ավարտին Ռաֆայել Սրբազանը իր խոսքն ուղղեց ներկաներին: Նա խոսեց արդեն նորօծ քահանա Գերպ. Հ. Նարեկ վարդապետ Մնոյանի մասին.

     

    Նարեկն իր մանկությունից լողացել է հոսանքին հակառակ: Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ փոքր հասակում, աճման ընթացքում, քահանայական պատրաստության ընթացքում, մնաց հավատարիմ և աննկուն կամքով՝ հասնելու քահանայության: Բոլոր հնարավոր առաջարկներն իրեն ներկայացվեցին, բայց մնաց հաստատ իր որոշման մեջ…Ես շնորհավորում եմ քեզ, այսօր օծվեցին ձեռքերդ, ճակատդ և այլևս խաղաղությունը տվեցիր ժողովրդին…

     

    Սրբազանը նկատելի հուզվեց, մի պահ կանգ առավ, ապա շարունակեց.

     

    Ուրախ եմ եւ հուզված՝ ոչ թե որովհետև Նարեկն է, այլ՝ որովհետև Քրիստոսի Եկեղեցու մեջ մի զինվոր ևս ավելացավ, որը պետք է աշխատի, տքնի, հալածվի, քննադատվի, բայց մնա Քրիստոսինը: Այս բոլորի միջով ես էլ անցա և դեռ կանգնած եմ այս խորանին առջև: Մաղթում եմ քեզ, որ աննկուն մնաս կամքով և հավատարիմ՝ կոչմանդ մեջ, որովհետև դրա մեջ է քո փառքը՝ քո խոնարհության մեջ, երբ հալածվես՝ քո սիրո արտահայտության մեջ, երբ քննադատվես, պարզությանդ մեջ, լռությանդ մեջ, ժպիտիդ մեջ…որովհետև այս աշխարհը չէ, որ քեզ սպասում է, այլ՝ Քրիստոս:

     

    Սբ. Պատարագից հետո լրագրողների հետ զրույցում Ռաֆայել Սրբազանը խոսեց նաև այս և 2015թ. աշնանը սպասվող մյուս ձեռնադրությունների մեծ նշանակության մասին՝ մանավանդ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծիրի մեջ: Նրա խոսքերով, մեծ ուրախություն է, որ հայ ազգի մեջ կան ազնիվ հոգիներ, որոնք ի հեճուկս այս աշխարհի ցանկությունների, խաբկանքների, հեշտամոլությունների, վճռում են ծառայել Աստծո Եկեղեցուն.սա հայ ժողովրդի հանդեպ Տիրոջ ողորմածության նշան է:

     

    Հ. Նարեկ վրդ. Մնոյանը օգոստոսի 16-ին՝ Աստվածածնի Վերափոխման տոնին, կմատուցի իր առաջին Սբ. Պատարագը՝ Գյումրիի Սրբոց նահատակաց եկեղեցում:

     

    Հ. Նարեկի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

     

    Պետք է ասել, որ նորակառույց առաջնորդանիստ եկեղեցու շինարարական աշխատանքները դեռևս ամբողջությամբ ավարտված չեն, խորանը տեղադրված չէ: Եկեղեցու օծումը նախատեսված է 2015թ. սեպտեմբերի 24-ին:

     

    DSC06049 DSC06063 DSC06066 DSC06075 DSC06078 DSC06081 DSC06083 DSC06086 DSC06106 DSC06109

     

     

    Ցայգ ՀՌԸ տեսանյութը.

     

     

Օրացույց

Օրացույց