• Գլենդելի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հռչակվեց առաջնորդանիստ եկեղեցի՝ Հյուսիսային Ամերիկայի հայ կաթողիկէների

    2015թ. օգոստոսի 2-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցու հռչակման հանդիսավոր արարողությունը՝ յընթացս Սբ. Պատարագի և  մասնակցությամբ՝ Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների հաստատության նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի, Միացյալ Նահանգների կաթողիկէների առաջնորդ արքեպիսկոպոս Խոսե Գոմեզի և այլ եկեղեցական համայնքների առաջնորդների:


    3 օգոստոսի, 2015թ.

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Պապի հավանությամբ և Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների հաստատության 2014թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ  Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ եկեղեցին հռչակվեց Միացյալ Նահանգների և Կանադայի Նարեկի Տիրամայր հայ կաթողիկէ թեմի (eparchy) առաջնորդանիստ եկեղեցի:

     

    Սրբազան Պապն ընդառաջել է թեմի առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանի խնդրանքին՝ առաջնորդանիստ եկեղեցու կարգավիճակ շնորհելու Գլենդելի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն: Նախկինում թեմի առաջնորդանիստ եկեղեցի է համարվել Նյու Յորքի Սբ. Աննայի եկեղեցին, որը 1983թ. հայ կաթողիկէ նոր հաստատված թեմի (էքզարքության) տրամադրության տակ էր դրել Նյու Յորքի արքեպիսկոպոս Կարդինալ Թերենս Քուքը:

     

    Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է այն ժամանակ (1990-2006թթ.) Կալիֆորնիայի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Մինասյանի ջանքերով և օծվել 2001թ.: Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքեղ եկեղեցին թեմի առաջնորդանիստ եկեղեցի հռչակելու և թեմի առաջնորդի աթոռը Նյու Յորքից Գլենդել տեղափոխելու հարցը միայն ժամանակի և Սուրբ Աթոռի հավանության խնդիր էր, ինչն էլ իրականություն դարձավ Մուրադյան եպիսկոպոսի ջանքերով, 2014թ. վերջին: Տեղափոխությունը պայմանավորված է ոչ միայն սեփական տաճարի գոյությամբ, այլև՝ վարչական կառավարման արդյունավետությամբ:

     

    2015թ. օգոստոսի 2-ին հռչակման արարողության ժամանակ Գլենդելի կաթողիկէ հավատացյալներին է դիմել Կարդինալ Լեոնարդո Սանդրին:

    Նա շեշտել է հայ ժողովրդի՝ առաջին քրիստոնյա ազգը լինելու պատմական փաստը, դրվատանքով խոսել հավատքի համար նահատակված հայերի մասին, նաև՝ Ցեղասպանության տարիներին:

     

    «Դուք կարողացել եք հաղթահարել բոլոր դժվարությունները՝ առանց կորցնելու ձեր հավատքը, որովհետև կարողացել եք ձեր հայացքը սևեռել Քրիստոսին, ով հաղթահարեց մահը Խաչի վրա».ասել է նա և կոչ արել մշտապես գիտակցել հավատքի համար անցած պատմական ճամփորդությունը:

     

    Վսեմաշուք Կարդինալը հիշեցրել է Ծննդոց գրքի 28-րդ գլխի պատմությունը Հակոբի երազի մասին, որից հետո Հակոբը կանգնեցրեց Բեթելի քարը և օծեց այն: Կարդինալը մաղթել է, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարը լինի հայերի համար Բեթելի քարը՝ Աստծո հանդեպ հավատարմության նշանը, Աստծո կենդանի ներկայության նշանը:

     

    Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյան իր խոսքն ավարտել է Սբ. Գրիգոր Նարեկացու տողերով՝ նվիրված Աստվածածնին և կոչ է արել Նարեկի Տիրամոր ամերիկահայ կաթողիկէներին խանդավառությամբ ապրել իրենց հավատքը և լինել միության շաղախ՝ Միացյալ Նահագների հայության համար:

     

    Հյուսիսաին Ամերիկայի Նարեկի Տիրամոր թեմի առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյան իր քարոզում ևս խոսել է հավատքի ճամփորդության մասին.

    ճամփորդություն՝ դեպի Քրիստոս, որի մեկ հանգրվանն է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը և հռչակումը՝ որպես Առաջնորդանիստ եկեղեցի: Բայց ճամփորդել դեպի Հիսուս՝ առաջին հերթին նշանակում է վկան լինել Ավետարանի. «առաջնորդանիստ» հռչակումը կարևորություն չի ունենա, եթե մենք չենք ապրում մեր հավատքը: Ամենակարևորը քրիստոնյայի կյանքում Հիսուս Քրիստոսն է, ասել է Մուրադյան Սրբազանը:

     

    Համառոտ տեղեկություններ թեմի մասին

     

    Հյուսիսային Ամերիկայի հայ կաթողիկէ համայնքները սկսել են ձևավորվել 19-րդ դարի վերջերին և, մանավանդ, Ցեղասպանությունից հետո, նախ՝ Նյու Յորքում, ապա՝ Նյու Ջերսիում, Բոսթոնում, Լոս Անջելեսում, Դեթրոյտում, Գլենդելում: Իսկ Կանադայում հայ կաթողիկէները հիմնականում ապրում են Մոնրեալում, Թորոնթոյում:

     

    1981թ. Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց Սինոդոսւ հանձնարարությամբ  և Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի հաստատմամբ պաշտոնապես հիմնվել է Հյուսիսային Ամերիկայի հայ կաթողիկէ էքզարքությունը: Առաջին առաջնորդը Արհ. Տ. Ներսես եպս. Սեթյանն էր, ով, թեմը կառավարելով մինչև 1993թ., կարողացավ ամուր կապ հաստատել տարբեր քաղաքներում ապրող հայ կաթողիկէների միջև, հիմնել է «Ջահ» պաշտոնաթերթը, հրատարակել գիտական մի քանի աշխատություններ, վախճանվել 2002թ. սեպտեմբերի 9-ին:

    1995-2000թթ. Սեթյան եպիսկոպոսին հաջորդել է Արհ. Հովհաննես եպս. Դերձակյանը, ում 2000-2011թթ.հաջորդեց Արհ. Մանուել եպս. Պաթագյանը, իսկ 2011թ. մայիսից Հյուսիսային Ամերիկայի հայ կաթողիկէների առաջնորդն է Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը:

     

    2005թ. սեպտեմբերի 12-ին Բենեդիկտոս 16-րդ Սրբազան Պապը Հյուսիսային Ամերիկայի էքզարքությունը բարձրացրեց եպարքության կարգավիճակի:

     

     

    armenianchurchco.com կայքի խմբագրությունը շնորհավորում է Հյուսիսային Ամերիկայի հայ կաթողիկէներին, Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանին և Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «առաջնորդանիստ» հռչակման առիթով:

     

     

     

Օրացույց

Օրացույց