Ուրիշներին սիրել սովորեցնել՝ կարելի է միա՛յն սիրելով:
1 օգոստոսի, 2015թ.
2015թ. հուլիսի 31-ին «Կարդինալ Աղաջանյան» ճամբար այցելեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը: Ռաֆայել Սրբազանն իր հայրական օրհնությունը բաշխեց ճամբարական երեխաներին և իր շնորհակալութունը հայտնեց ճամբարի կազմակերպիչներին ու ջոկատավարներին՝ նվիրյալ աշխատանքի համար:
Ռաֆայել Սրբազանի առաջնորդությանը վստահված համայնքները բավական շատ են և աշխարհագրորեն իրարից հեռու են գտնվում՝ Հայաստանում, Վրաստանում Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում: Ի լրումն բոլոր համայնքների կարիքներին ժամանակին արձագանքելու անհրաժեշտության, այդ համայնքների առաջնորդ արքեպիսկոպոսը մասնակցում է նաև Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց Սինոդոսի աշխատանքներին:
Հետևաբար, Սրբազան Հոր ներկայությունն ու օրհնությունը վայելելը թանկ է յուրաքանչյուր հավատացյալի համար: Դա արտահայտություն է հայրական հոգատարության, սիրո, իր հոտի հետ լինելու, բոլորի ուրախություններն ու տխրությունները կիսելու, նրանց պետքերը հոգալու պատրաստակամության և պատասխանատվության բարձր զգացումի:
Ճամբարական շատ երեխաներ մինչ օրս հնարավորություն չէին ունեցել անմիջականորեն զրուցելու հոգևոր առաջնորդի հետ, պատմելու նրան իրենց ապրումների, հուզումների մասին, ստանալու նրա հայրական օրհնությունը և խմբային լուսանկար ունենալու նրա հետ միասին. ընդ որում իրենց հետ լուսանկարվելիս Սրբազան Հայրն հագել էր նույն ճամբարական հագուստը, որը կրում են իրենք: Մի քանի օր առաջ ճամբարականներին այցելել էին նաև առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանը և Տ. Նարեկ սարկավագ Մնոյանը:
Ռաֆայել Սրբազանը և ճամբարի պատասխանատուները կարևորում են երեխաների հետ անմիջական շփվելու առիթները, մանավանդ հոգևորական-երեխա շփումը: Դա օգնում է երեխային ազատվել ավելորդ լարվածությունից, ինքն իրեն սիրված զգալ, լինել ուշադրության կենտրոնում, սկսել վստահել մարդկանց, հոգևորականին, եթե նույնիսկ երեխայի մոտ կան դիմացինին չվստահելու հոգեբանական, սոցիալական լուրջ պատճառներ:
Ճամբարի այս երկրորդ փուլի ընթացքում, որը սկսվել է հուլիսի 25-ին և կավարտվի օգոստոսի 2-ին, երեխաների հետ աշխատում է չորս հոգևորական (Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյան, Գերհ. Հ. Ռաֆայել վրդ. Կռավչիկ, Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյան, Արժ. Տ. Նարեկ քահանա Թադևոսյան), ովքեր վարում են հոգևոր դասընթացներ, երաժշտության դասեր, մատուցում Սբ. Պատարագ և ընդունում խոստովանություններ, զրուցում երեխաների հետ տարբեր թեմաներով, օգնում նրանց ազատվել հոգեկան բարդույթներից, լինել ավելի ազատ ու երջանիկ՝ ի Քրիստոս, սիրելով նրանց՝ սովորեցնում են սիրել ուրիշներին, լինել ավելի լավ հավատացյալներ և քաղաքացիներ:
Յուրաքանչյուր փուլի ընթացքում Եկեղեցին հարստանում է նոր անդամներով.օգոստոսի 1-ին ևս մկրտվեց մոտ մեկ տասնյակ երեխա:
Փա՛ռք Տիրոջը հավիտյան: