«…լինել վերակացու եւ քարոզ ճշմարտութեան ուղղափառ հաւատոյ»:
1 օգոստոսի, 2015թ.
Ինչպես գիտեք, Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի գահակալության սրբազան արարողությունը տեղի է ունենալու Զմմառի վանքում, 2015թ. օգոստոսի 9-ին, 17:00-ին: Արարողությունը տեղի է ունենալու յընթացս Սբ. Պատարագի, որը կմատուցի նորընտիր Հոգևոր Տերը՝ մասնակցությամբ հայ կաթողիկէ եպիսկոպոսաց դասի:
Ըստ արարողակարգի, կարգերեցը հարցումներ կուղղի գահակալող Հայրապետին, որից հետո եպիսկոպոսները երեք անգամ կերգեն.
«Աստուածային և երկնաւոր շնորհ…կոչէ զԳրիգոր Պետրոս յԵպիսկոպոսութենէ ի Հայրապետութիւն Տանն Կիլիկիոյ»:
Այս երգեցողությանը կհաջորդի հետևյալ հոգեպարար աղոթքը.
«Տէր, ընկա՛լ զպաղատանս մեր ամենեցուն ժողովելոցս ի տաճար փառաց սրբութեան անուանդ քոյ եւ զծառայս քոյ զոր ընտրեցեր, կոչեցեր զնա յառաջնորդութիւն ժողովրդեան քոյ և ի սպաս պաշտման Սուրբ, Կաթողիկէ և Առաքելական Եկեղեցւոյ, լինել վերակացու եւ քարոզ ճշմարտութեան ուղղափառ հաւատոյ: Ընկա՛լ եւ շնորհեա՛ սմա զօրութիւնս եւ շնորհս առաքելականս»:
Արարողության երկրորդ մասում տեղի կունենա նորընտիր Հայրապետի քողարկության կամ հանդերձավորման կարգը: Գահերեցն ու եպիսկոպոսները նախ հագցնում են կարմիր քողը, ապա գահակալին հանձնում հայրապետական գավազանը: Այս ամենը կուղեկցվի գեղեցիկ շարականներով: Արարողության ավարտից հետո շարունակվում է Սբ. Պատարագի արարողությունը, ըստ կարգի:
Երգեցողությունը կատարելու է պատրիարքական «Կռունկ» երգչախումբը, գեղ.ղեկ.՝ դոկտ. Էդուարդ Թորիկյան: Գահակալության արարողությանը, ըստ նախատեսված կարգի, ներկա կլինեն Սուրբ Աոթռի Արևելյան եկեղեցիների հանձնախմբի ներկայացուցիչներ, պապական նվիրակը Լիբանանում, հայ և այլազգի հոգևորականներ, Զմմառի Պատրիարքական կղերի միաբանության հայրեր, հայ և այլազգի քաղաքական, հասարակական գործիչներ, այլ հյուրեր և հավատացյալների մեծ բազմություն:
Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատրիարքարանը հավատացյալներին հրավիրում է մասնակցելու այս սրբազան արարողությանը և ստանալու Հոգևոր Տիրոջ առաջին օրհնությունը: