• Նորընտիր Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքին շնորհավորելու է այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ը

    Ի նպաստ եղբայրական գործակցության՝ ի փառս Աստծո և ի պարծանս Հայ Եկեղեցու:


    31 հուլիսի, 2015թ.

    Հուլիսի 27-ին Զմմառի վանք է այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ը՝ ընկերակցությամբ Լիբանանի թեմի առաջնորդ Գերշն. Տ. Շահէ եպս. Փանոսյանի, այլ եպիսկոպոսների և վարդապետների: Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը սիրով ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին: Սբ. Տիրամոր Վերափոխման եկեղեցում հայ կաթողիկէ և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգևորականները միասին երգել են «Հրաշափառ» շարականը, ապա վանքի դահլիճում հանդիպել են հավատացյալների հետ:

     

    Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին: Նա փաստել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց հայրապետական աթոռի կարևորությունը, նորընտիր կաթողիկոսին մաղթել է երկար օրեր, բեղուն առաքելություն և հայտնել իր ցանկությունը՝ նորընտիր հայ կաթողիկէ հայրապետի հետ միասին եղբայրական միասնական ուժերով ծառայելու Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին:

     

    Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքն իր հերքին իր խորին շնորհակալությունն է հայտնել Արամ Ա Կաթողիկոսին՝ Զմմառի վանք կատարած այդ այցելության և ջերմ շնորհավորանքի համար՝ խնդրելով նրա հատուկ աղոթքը և եղբայրական գործակցությունը՝ ի փառս Աստծո և ի պարծանս Հայ Եկեղեցու և հայ ազգի:

Օրացույց

Օրացույց