• «Աշխարհի հզորագույն բարոյական ձայնը» քաղաքական գործիչներին կոչ է անում միասին գործել՝ լուծելու համընդհանուր սոցիալական խնդիրները

    Նորին Սրբության աջակցությունն ունենալը ամենաքաջալերող բանն է…Ամենազորացնող հնարավորությունն է՝ լսել երկրագնդի հզորագույն բարոյական ձայնը, որը մեզ այսօր կոչ է անում գործել». Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիո:


    23 հուլիսի, 2015թ.

    2015թ. հուլիսի 21-22-ը Սուրբ Աթոռում Սրբազան Պապի ներկայությամբ տեղի ունեցավ խորհրդաժողով՝ բնապահպանական ու սոցիալական խնդիրների վերաբերյալ՝ տարբեր երկրներից հրավիրված քաղաքապետերի, գիտնականների, ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական գործիչների մասնակցությամբ: Կազմակերպել է Հասարակական գիտությունների պապական ակադեմիան:

     

    Խորհրդաժողովի առանցքը Ֆրանցիսկոս Սրբազան Պապի վերջերս հրապարակված «Գովեմ զՔեզ» (Laudato si) շրջաբերականն էր, որը քննարկման ու նոր ծրագրերի հիմք է դարձել միջազգային տարբեր հարթակներում: Խորհրդաժողովին ներկա քաղաքապետերն ու մասնագետները, որոնք ուսումնասիրել են Պապի շրջաբերականը, հնարավորություն ունեցան Պապի հետ անձամբ զրուցելու, լսելու նրա խոսքը և իրենց քաղաքների խնդիրները ներկայացնելու:

     

    Քահանայապետն իր խոսքում նախ ասել է, որ իր շրջաբերականը միայն «կանաչ» չէ, այսինքն՝ միայն շրջակա միջավայրի մասին չէ, այն նախևառաջ սոցիալական է, որովհետև մարդուն և միջավայրը՝ բնությունը դիտարկում է մեկ ներդաշնակ միության մեջ, որտեղ երկուսն էլ ազդում են միմյանց վրա: Միջավայրի հանդեպ մարդու վերաբերմունքը նրա սոցիալական վարքի մի մասն է, որից կախված է իր կյանքի որակը: Բնական պաշարների ոչ ճիշտ օգտագործման, մսխման, անհամաչափ բաշխման հետևանքում տուժում է շրջակայքում ապրող բնակչությունը, մարդիկ սկսում են արտագաղթել իրենց բնակավայրերից, առաջանում է սոցիալական անհավասարություն, աղքատություն, գործազրկության ծավալներն են աճում, անապահով մեծահասակներն ու անչափահասները զոհ են դառնում աշխատանքային շահագործման և մարդավաճառության, բացատրել է Պապը: Այս մասին նա ծավալուն խոսում է իր շրջաբերականում:

     

    Նա ուշադրություն է հրավիրել մեծ քաղաքների երկու հիմնական խնդիրների վրա՝ բնակչության թվաքանակի աճ և աղքատության ավելացում: Ինչու՞ են մարդիկ տեղափոխվում մեծ քաղաքներ: Պատճառը նախ այն է, որ բնական միջավայրում մարդու հարուցած խնդիրների պատճառով գյուղն այլևս բարեկեցիկ կյանքի հնարավորություն չի տալիս, և երկրորդ՝ տեխնոկրատիայի պաշտամունքը. մարդիկ իրենց կյանքի բարելավումը կապում են տեխնիկայի առաջընթացի հետ, որը սակայն հաճախ  ավարտվում է գործազրկության աճով: Եվրոպայում պետական վիճակագրությունները մինչև 25 տարեկանների շրջանում փաստում են 40-50 % գործազրկություն:

     

    «Ի՞նչ ապագա ունեն այդ երիտասարդներըթմրամոլություն, ձանձրույթ, չգիտեն՝ ինչ անել, անիմաստ, դաժան կյանք, ինքնասպանություններապագա են փնտրում ահաբեկչական գործողությունների մեջ»:

     

    Ծավալվելով այլ հրատապ խնդիրների շուրջ՝ Սրբազան Պապը հատկապես քաղաքապետերին կոչ է արել աշխատել այդ խնդիրների լուծման ուղղությամբ՝ յուրաքանչյուրն իր քաղաքում:

     

    Քաղաքապետերը Սրբազան Պապի հետ միասին ստորագրել են միասնական մի հայտարարագիր (Declaration), որտեղ, իրենց հայտարարությունների համար հիմք են ընդունում Պապի Laudato si’ շրջաբերականը և ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակները» (Sustainable Development Goals) համաձայնագրի դրույթները, խոստանում են յուրաքանչյուրն, ըստ իր կարողության, քայլեր ձեռնարկել՝ դիմագրավելու բնական միջավայրում մարդու ձեռքով առաջացած խնդիրներին, արմատական աղքատությանը, մարդկային ստրկությանն ու մարդավաճառությանը:

     

    Ավելին, հուլիսի 22-ին ստեղծվել է վերջնական մի հայտարարագիր՝ ստեղծելու «Կայուն քաղաքների միավորում» (An Alliance for Sustainable Cities): Քաղաքապետերը հայտարարում են.

     

    «Մենք լսեցինք Ֆրանցիսկոս Պապի այս կոչը և մեր քաղաքացիների կոչերը: Հասկանում ենք ապագա սերունդների վրա կախված սպառնալիքը: Մենք պետք է գործենք հենց հիմա»:

     

    Ստեղծված միավորումը իր համատեղ գործունեությունը կսկսի 2015թ. սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակները» համաձայնագրի ընդունման օրը, որը կբացվի Ֆրանցիսկոս Պապի օրհնությամբ:

     

    Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն, ով ներկա էր խորհրդաժողովին, լրագրողներին ասել է, որ Ֆրանցիսկոս Պապը համաշխարհային խնդիրների դեմ պայքարելու այս քայլերով ցույց է տալիս առաջնորդության մի նոր ձև:

     

    «Այսպես պետք է փոխել աշխարհայացքը (paradigm)».ասել է նա:

     

    Ֆրանցիսկոս Պապը չի վախենում խոսել կապիտալիստական աշխարհի խնդիրների մասին, իսկ դա անհրաժեշտ է, վստահ է քաղաքապետը: Ամերիկացիները մեծ հույսեր են կապում 2015թ. սեպտեմբերի 22-27-ը Նորին Սրբության՝ ԱՄՆ կատարելիք այցի հետ:

     

    «Հուսով եմ, այն մաքրող ազդեցություն կունենա կոնգրեսի համար».շեշտել է Բիլ դե Բլասիոն:

Օրացույց

Օրացույց