2015թ. հուլիսի սկբից Հայաստանում են Զմմառի վանքի Երանելի Իգնատիոս Մալոյան դպրեվանքի ուսանողները (ուղեկցությամբ դպրեվանքի փոխտեսուչ Գերպ. Մաշտոց վրդ. Զահթերյանի և հայրենավանդման ուսուցչուհի Սոսե Փիլաճյանի)՝ մասնակցելու ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Սփյուռք» ամառային դպրոցի հայագիտական դասընթացին, որը տեղի է ունենում Երևանի Պետական Համալսարանում:
15 հուլիսի, 2015թ.
Դասընթացը մեկնարկել է հուլիսի 9-ին և ավարտվելու է հուլիսի 31-ին: Մասնակիցները քննություններ կհանձնեն, և, հաջող արդյունքների դեպքում, կպարգևատրվեն վկայականներով՝ օգոստոսի 1-ին:
Հուլիսի 10-ին տեղի ունեցավ դասընթացների հանդիսավոր բացման արարողությունը՝ ներկայությամբ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի:
Զմմառի դպրեվանքի ուսանողները ծանոթացել են Հայաստանի սրբավայրերին՝ Օշականում, Մուղնիում, Հաղբատում, Սանահինում և այլուր, Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի կաթողիկէ ժողովրդապետության մատռան մեջ մասնակցել Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի ձեռամբ Երանաշնորհ Ներսես Պետրոս ԺԹ Հայրապետի հոգու հանգստության համար մատուցված Սբ. Պատարագին, այցելել Գյումրիի ժողովրդապետություն, ականատես եղել նորակառույց Եկեղեցու շինարարական աշխատանքներին: