«Mea culpa».ասում ենք Ռուանդայի ցեղասպանությունը հիշելիս և ոչինչ չենք անում կանխելու Իրաքինը
Օգոստոսի 9-ին, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բանի Կի Մունին կոչ է արել պատշաճ ձևով արձագանքել Իրաքի հյուսիսում քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների հանդեպ դաժան բռնություններին ու զտումներին: Քահանայապետը Բան Կի Մունին հիշեցրել է ՄԱԿ-ի սկզբունքների և միջամտելու պարտավորության մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նմանատիպ ուղերձներ են հղել նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը, Իսլամական Խորհրդաժողովի Կազմակերպությունը, Իրաքի Կաթողիկե Խալդեական համայնքի Պատրիարքը, ով հայտարարել է, թե Միացյալ Նահանգները, Եվրոպական երկրներն ու արաբական ազգերը բարոյական պարտավորություն ունեն միացյալ ուժերով միջամտելու և ազատագրելու բնակավայրերը Իսլամական ինքնահռչակ խալիֆայության իսլամիստ ծայրահեղականներից: Նա ասել է, որ Իրաքի կառավարությունն ի զորու չէ դա սեփական ուժերով անելու: Եթե միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի, ապա Իրաքում քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների ֆիզիկական ոչնչացման պատասխանատվությունը կմնա նրանց բոլոր ուսերին: Պատրիարքը Իրաքում տեղի ունեցող վայրագություններն ու կրոնական զտումն համարում է ցեղասպանություն: Իսկ ՄԱԿ-ում Հռոմի Սուրբ Աթոռի մշտական ներկայացուցիչ արքեպիսկոպոս Սիլվանո Թոմազին Վատիկան ռադիոյի հետ հարցազրույցի ժամանակ Իրաքի դեպքերը համեմատել է 1990-ականների Ռուանդայում միջցեղային հակամարտության հետ, որի ժամանակ, նրա խոսքերով, քաղաքական հայտարություններից ու հանդիպումներից բացի քիչ բան էր արվում մարդկանց կյանքերը փրկելու համար, բայց հետո ամեն տարի խոսել են և խոսում են Ռուանդայում 1 մլն. Մարդկանց՝ ցեղասպանության զոհ դառնալու մասին՝ խոստովանելով, թե մեղավոր եմ՝ mea culpa, այսինքն՝ ոչինչ չենք արել այդ ողբերգությունը կանգնեցնելու համար: «Աստված մի արասցէ, որ նույնը կրկնվի այսօր Իրաքում».ասել է Թոմազին: