«Տոն, որը միշտ քեզ հետ է». Էռնեստ Հեմինգուեյ
8 հունիսի, 2015թ.
2015թ. հուլիսի 6-ին ավարտվեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաջանյան» ճամբարի առաջին փուլը, որին մասնակցեց 10-13 տարեկան մոտ 130 երեխա՝ Շիրակի մարզի, Տաշիրի տարածաշրջանի գյուղերից և Ջավախքի Բավրա գյուղից:
Ճամբարում երեխաները զուգակցում են հոգևոր, բարոյական դաստիարակության դասերը, զրույցները՝ ժամանցային միջոցառումների, խաղերի հետ:
Հոգևոր դասերը վարել են Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը և Արժ. Տ. Նարեկ քահանա Թադևոսյանը: Դասերն անցել են հարց ու պատասխանի, մտերմիկ զրույցի ձևով և կենտրոնացել Եկեղեցու Սբ. Խորհուրդների, դավանական հիմնական կետերի շուրջ: Երեխաների մեծ մասը տարրական գիտելիքներ ունի այդ ամենի մասին և ակտիվ մասնակցել է դասերին, ինչպես նաև՝ ճամբարում մատուցվող Սբ. Պատարագի արարողությանը, մշտապես նաև առանձին զրուցել հոգևորականների հետ, խորհուրդներ հարցրել, խոստովանություն կատարել:
Հուլիսի 5-ին ճամբարի երեխաներից 12-ը մկրտվեցին և դարձան Աստծո որդեգիրներ, Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Դա տոն էր ոչ միայն նոր մկրտյալների, այլև՝ բոլոր ճամբարականների համար: Ջոկատավարները գեղեցիկ միջոցառումով հիշարժան դարձրեցին Մկրտության արարողությունը:
Տոնական ուրախ մթնոլորտում են անցել նաև ճամբարականների ծննդյան տոները: Պատասխանատուներն ու ջոկատավարները գեղեցիկ, անմոռանալի անակնկալներ են մատուցել հոբելյարներին: Ոմանց համար ուրախության այդ պահերը եզակի էին. շատերն անապահով ընտանիքների զավակներ են և հաճախ իրենց ընտանիքներում չեն կարողանում վայելել նույնիսկ ծնդյան փոքրիկ տոնական միջոցառումներ՝ երկար սպասված, անակնկալ նվերներով, ընկերների ջերմ շնորհավորանքներով, ժպիտներով, ավելին՝ քահանայի ներկայությամբ և օրհնությամբ: Նման պահերին է, որ երեխաները սովորում են շնորհակալ լինել, իրենց իրենց գնահատված ու սիրված զգալ, պատրաստ լինել փոխարենը ավելի մեծ սեր նվիրելու դիմացինին: Այսպիսի փոքրիկ ջերմություններով և սիրո արտահայտություններով հաճախ կարելի է ավելի մեծ բարիք անել, քան՝ երկար ու երեխայի համար ձանձրալի դաստիարակչական աշխատանքով:
Ջոկատավարների անսպառ երևակայության և նվիրյալ աշխատանքի շնորհիվ երեխաները մասնակցել են խաղերի, մրցույթների, պարերի: Ամենաճարպիկներն ու հնարամիտները խրախուսվել են մրցանակներով:
«Աղաջանյան» ճամբարը մի դարբնոց է, որտեղ փորձում են երեխաների համար ապահովել առողջ, անկաշկանդ, ազատ, մարդկային հարաբերությունների մթնոլորտ, ամենօրյա հաղորդություն՝ Աստծո հետ, ստեղծագործելու, զարգանալու, ավելիին ձգտելու խթաններ և պայմաններ:
«Աղաջանյան» ճամբարում փորձ է արվում անմիջական կապ ստեղծել Եկեղեցու և երեխաների միջև, սերմեր ցանել Երկնքի Արքայության և առողջ բարոյական արժեքների:
Ճամբարի երկրորդ փուլը, հավանաբար, կկազմակերպվի 2015թ. հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 2-ը, այս անգամ՝ 14-15 տարեկանների համար:
Երկրորդ փուլի ավարտից հետո «Աղաջանյան» ճամբարի մասին ամբողջական մի տեսանյութ կներկայացնի «Ձայն խաղաղության» հաղորդաշարը, իսկ սա ճամբարականների սիրողական նկարահանումներից է՝ ամենօրյա խաղերից: