Հուլիսի 7-ին Սրբազան Պապը էկվատորյան Քուիտո քաղաքում հանդիպել է քաղաքացիական հասարակության առաջնորդների՝ քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ: Սրբազան Պապը խոսել է հասարակական արդի խնդիրների հաղթահարման բանալիների մասին:
8 հունիսի, 2015թ.
Մարդկային հարաբերությունները հաճախ հիմնված են հակամարտությունների և հակառակորդներին ոչնչացնելու տրամաբանության վրա: Սեփական ծրագրերը առաջ տանելու համար հարկ է առավելության հասնել ուրիշների նկատմամբ և նրանց վզին փաթաթել սեփական կամքը.այս է տարածված մտածելակերպը: Միթե՞ այսպես կարելի է ընտանիք կառուցել, հարցնում է Պապը՝ շեշտելով, որ ընտանիքը մի մոդել է, որտեղ առկա հարաբերություններով են պայմանավորված հասարակական հարաբերությունները:
Ընտանիք՝ նշանակում է մի վայր, որտեղ յուրաքանչյուրը հարգում է դիմացինի անհատականությունը, օգնում նրան և քաջալերում, մեկի ուրախությունն ու վիշտը բոլորինն են:
Հարկ է նույն տրամաբանությամբ վերաբերվել նաև մեր քաղաքական հակառակորդներին և հարևաններին:
«Արդյո՞ք սիրում ենք մեր երկիրը, այն համայնքը, որը փորձում ենք կառուցել…եկե՛ք սիրենք գործերով, ոչ թե լոկ խոսքով՝ յուրաքանչյուր մարդու մեջ, կոնկրետ վիճակներում…սերը միշտ կարիք ունի շփման, չի կարելի մեկուսանալ».ասել է Պապը:
Ընտանիքում գտնում ենք սիրո, եղբայրության, փոխադարձ հարգանքի հիմնարար արժեքները, որոնք պետք է դառնան հասարակության առանցքային արժեքները՝ երախտագիտություն, համերաշխություն և փոխադարձ հարգանք:
Ծնողները ընտանիքում երեխաներին սիրում են հավասարապես, իսկ երբ երեխաները հրաժարվում են կիսել իրենց ծնողներից ձրիաբար ստացած սերը, ընտանեկան հարաբերությունները փլուզվում են: Ծնողի սերը օգնում է երեխային հաղթահարել եսամոլությունը, ապրել ուրիշների համար, լինել համբերատար, զիջել, բացատրել է Պապը: Երեխան այդպես սովորում է շնորհակալ լինել:
Լայն հասարակության մեջ ևս երախտագիտությունը արդարության պայմանն է: Գիտակցելով, որ մեր կյանքը, մեր ունեցածը մեզ պարգև է տրված, կարող ենք դրանք նվիրել՝ ի ծառայություն այլոց: Օրինակ՝ բնական ռեսուրսները, որոնցով այնքան հարուստ է Էկվադորը, տրված են բոլորին՝ օգտագործման համար: Չի կարելի մտածել միայն այդ ռեսուրսներից կարճաժամկետ օգուտ ստանալու մասին, այլ հարկ է այնպես հոգ տանել դրանց մասին, որպեսզի կարողանանք փոխանցել հաջորդ սերունդներին:
Ընտանիքում գոյություն ունեցող եղբայրության փորձառությունից պետք է ծնվի համերաշխությունը՝ հասարակության մեջ, որը կայանում է միմյանց համար պատասխանատու լինելու գիտակցության մեջ: Եթե այլոց համարում ենք մեր եղբայրներն ու քույրերը, այդ դեպքում ոչ ոք չի կարող արհամարհվել:
Սրբազան Պապը անդրադարձել է Էկվադորի սոցիալ-տնտեսական խնդիրներին և ասել, որ հարկ է իրական հնարավորություններ առաջարկել երիտասարդներին՝ աշխատատեղեր ստեղծելով և նպաստելով տնտեսական աճին, որը բոլորին կառընչվի և միայն թղթի վրա չի լինի՝ որպես մակրոտնտեսական ցուցանիշ:
Ընտանիքում փոխադարձ հարգանքը սովորեցնում է օգնել միմյանց՝ հասարակության մեջ: Հասկանալը, որ միայն մեր որոշումները չեն միակ ճշմարիտը, մեզ օգնում է լինել համեստ և տեսնել այն հարստությունը, որը թաքնված է տարբերությունների և փոխլրացման մեջ:
Քաղաքացիական հասարակությունը կոչված է օգնելու յուրաքանչյուր անհատի և կազմակերպության՝ ստանձնելու իր յուրահատուկ դերը և նպաստելու համընդհանուր բարիքին: Ճշմարտությանը հասնելու համար երկխոսության և անկեղծություն է հարկավոր, ասել է Սրբազան Քահանայապետը: