Ռաֆայել Սրբազանն իր քարոզի ընթացքում խնդրել է հավատացյալներին աղոթել, որ Աստված նոր հաջորդ պարգևի՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքի աթոռի համար:
6 հուլիսի, 2015թ.
Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը փոխանցեց, որ 2015թ. հուլիսի 13-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սինոդի եպիսկոպոսները կնվիրեն հոգևոր կրթության՝ Զմմառի վանքում:
Իսկ 2015թ. հուլիսի 14-ին, ըստ Պատրիարքական Կառավարիչ Արհ. Հ. Գրիգոր եպս. Կապրոյանի որոշման, Զմմառում տեղի կունենա խորհրդակցական ժողով՝ նոր Կաթողիկոս Պատրիարքի ընտրությունների անցկացման վերաբերյալ, իսկ հուլիսի 15-ին կսկսեն ընտրական նիստերը:
Հիշեցնեմ, որ Արևելյան Եկեղեցիների կանոնագրքի 64-րդ կանոնը սահմանում է, որ Պատրիարքի ընտրության համար եպիսկոպոսաց սինոդի ժողովը պետք է գումարվի թափուր մնալու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում: Թեև մասնավոր օրենքով կարող է սահմանվել ավելի երկար ժամանակաշրջան, բայց ոչ ավելի, քան երկու ամիս:
2015թ. հուլիսի 6-ին Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության մատուռում Սբ. Պատարագ մատուցեց և Հոգեհանգստյան պաշտոն կատարեց՝ ի հիշատակումն Երանաշնորհ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի: Սրբազան Հոր առընթերականերն էին Գերպ. Հ. Մաշտոց վրդ. Զահթերյանը և Գերպ. Հ. Սարգիս վրդ. Դավիթյանը:
Սրբազան Հոր խնդրանքով և ցուցումով Երանաշնորհ Պատրիարքի համար Ս. Պատարագ և հոգեհանգստյան պաշտոն մատուցվել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի բոլոր հայ կաթողիկէ եկեղեցիներում: