2015թ. հունիսի 28-ին, ժամը 16-:00-ին, Երանաշնորհ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի մարմինը ամփոփող դագաղը հոգևորականներն ուսամբարձ, հանդիսավոր թափորով, հարյուրավոր հավատացյալների ուղեկցությամբ հիվանդանոցից տեղափոխեցին Ավետման Սրբո Կույսի Եկեղեցին:
Եկեղեցում ներկա Պատրիարքական կառավարիչ Գերշն. Տ. Գրիգոր եպս. Կապրոյանը մատուցեց Սբ. Պատարագ, որին ներկա գտնվեցին ոչ միայն հայ կաթողիկէ եպիսկոպոսներ ու քահանաներ, այլև՝ Ասորի Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարք Յունանը այլ ասորի հոգևորականների հետ միասին, ինչպես նաև՝ պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Կարո Քեպապչյանը:
Սբ. Պատարագի ընթացքում քարոզեցին Գերշն. Տ. Գրիգոր եպս. Կապրոյանը և Գերշն. Տ. Հովհաննես եպս. Թեյրուզյանը:
Սբ. Պատարագից հետո Երանաշնորհ Պատրիարքին վերջին հրաժեշտը տվեցին հայ հավատացյալները: