2015թ. հունիսի 27-ին Սրբազան Ֆրանցիսկոս Պապը նոր առաքելական թուղթ հրապարակեց, որով Սուրբ Աթոռում ստեղծեց նոր՝ Հաղորդակցության միջոցների քարտուղարությունը՝ Եկեղեցու լրատվամիջոցների աշխատանքը մեկ կենտրոնից կառավարելու համար:
27 հունիսի, 2015թ.
Ինչպես հայտնում է Radio Vatican-ը,
Նոր քարտուղարությունն իր մեջ կներառի Հասարակական հաղորդակցության պապական խորհուրդը, Սուրբ Աթոռի մամլո գրասենյակը, Վատիկանի համացանցային ծառայությունը, Radio Vatican-ն, Վատիկանի հեռուստակենտրոնը (CTV), L’Osservatore Romano թերթը և կայքը, Վատիկանի տպագրատունը, Լուսանկարչական ծառայությունը, Վատիկանի հրատարակչատունը: Այն նաև կաշխատի Վատիկանի պետքարտուղարության հետ՝ ղեկավարելու Սուրբ Աթոռի պաշտոնական կայքը՝ www.vatican.va և Սրբազան Պապի Twitter-ի էջը՝ @pontifex.
Նոր քարտուղարության նախագահն է CTV- ներկայիս տնօրեն Գերհ. Դարիո ծայրագույն վարդապետ Վիգանոն: Քարտուղարությունը կսկսի գործել 2015թ. հունիսի 29-ից:
Սրբազան Պապն իր թղթում գրում է, որ նոր քարտուղարության ստեղծման նպատակը Եկեղեցու առաքելության կարիքներին ավելի արդյունավետ ձևով արձագանքելն է: Այդպիսի արդյունավետ միջոց Պապը համարում է գործող հաղորդակցության միջոցների աշխատանքը միավորելը: Սրբազան Պապն այս որոշումն առնելիս հաշվի է առել նաև իր իսկ ստեղծած կարդինալների խորհրդի առաջարկները:
Հիշեցնեմ, որ այս քայլը շարունակությունն է Ֆրանցիսկոս Պապի ձեռնարկած բարեփոխումների, որոնք միտված են Եկեղեցու վարչությունն ավելի արդյունավետ դարձնելուն:
Լուսանկարում՝ Գերհ. Դարիո ծայրագույն վարդապետ Վիգանո