Ինչպես հայտնում է Հայ Առաքելական Եկեղեցու տեղեկատվական համակարգը,
2015թ. հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի մահվան կապակցությամբ:
Նորին Սրբություն Գարեգին Բ-ը Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից վշտակցություն է հայտնել Ֆրանցիսկոս Սրբազան Պապին, Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր դասին և հավատացյալներին:
Նորին Սրբությունն ընդգծել է լուսահոգի Պատրիարքի երկար տարիների նվիրյալ ծառայությունը Հայ Կաթողիկե Եկեղեցու անդաստանում` ի խնդիր Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման, հոգևոր ժառանգության պահպանման ու արժևորման:
Գարեգին Բ-ը աղոթք է բարձրացրել, որ Տերը երկնային երանական բարձունքներում լույսերի մեջ քաղցրությամբ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի և Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը շնորհի Հայ Կաթողիկե Եկեղեցու վշտակիր միաբանությանը և հավատացյալներին: