Հունիսի 21–ին Ֆրանցիսկոս Սրբազան Պապը Թուրինում հանդիպել է նաև երիտասարդության հետ և անմիջական զրույցի ընթացքում, ի շարս արդիական լուրջ հիմնախնդիրների, փոքրիկ անդրադարձել է կատարել նաև հայոց ցեղասպանության հանդեպ աշխարհի վերաբերմունքին՝ տնտեսական հարաբերությունների ֆոնին:
23 հունիսի, 2015թ.
Պատասխանելով երիտասարդներից մեկի հարցին՝ Պապը հրավիրել է մտածել ներկա աշխարհակարգի մասին.արժե՞ արդյոք այսպես ապրել, կարելի՞ է վստահել քաղաքական ղեկավարներին, արդյո՞ք այն ղեկավարը, ում օգտին քվեարկում եմ, երկիրը պատերազմի չի տանի: Եթե վստահես մարդկանց, դու կորած ես, ասել է Պապն ու կրկնել իր խոսքերը, թե հիմա աշխարհը Երրորդ համաշխարհային պատերազմում է, մաս առ մաս.պատերազմներ կան Եվրոպայում, Միջին Արևելքում, Աֆրիկայում և այլ երկրներում:
«Ժողովուրդը, առաջնորդները, ձեռնարկատերերը, ովքեր իրենք իրենց «քրիստոնյա» են անվանում, զենք են արտադրում…Նրանք ասում են.«Օ՛, ո՛չ, Սուրբ Հայր, ես զենք չեմ արտադրում, պարզապես ներդրումներ եմ անում զենքի գործարաններում»: Իսկ ինչու՞: Որովհետև շահույթը մեծ է: Երկերեսանիությունը սովորական բան է այսօր.ասել մեկ բան, անել ուրիշ բան: Երկերեսանիություն…Տեսեք՝ ինչ եղավ 1915-ին, Հայաստանի մեծ ողբերգությունը: Այնքա՛ն շատ մարդ մեռավ: Չգիտեմ հստակ թիվը, հաստատ 1 մլնից ավելին: Իսկ ու՞ր էին ժամանակի մեծ տերությունները: Ուրիշ տե՞ղ էին նայում, ինչու՞: Որովհետև նրանց հետաքրքրում էր պատերազմը, իրե՛նց պատերազմը: Իսկ մեռնողները երկրորդ դասի մարդկային էակներ էին: 30-40-ականներին Շոահի (Shoah`հրեական հոլոքոստը), ողբերգությունը: Մեծ տերություններն ունեին այն գնացքների լուսանկարները, որոնք գնում էին դեպի Աուշվից՝ սպանելու հրեաներին, նաև՝ քրիստոնյաներին…Եվ գրեթե նույն ժամանակ Ռուսաստանի լագերն էր… Ստալինը…որքա՛ն շատ քրիստոնյաներ տառապեցին: Մեծ տերությունները Եվրոպան բաժանեցին թխվածքի նման…Այդ երկերեսանիությու՛նն է…խոսում են խաղաղությունից ու զենք արտադրում և նույնիսկ զենք վաճառում մեկին, որ պատերազմում է մյուսի դեմ, և այդ մյուսին էլ, որ կռվում է այս մեկի դեմ».ասել է Պապը: