• Աղքատության մասին խոսող քահանան կոմունիստ չէ. Պապի քարոզը՝ Սուրբ Մարթայում

    2015թ. հունիսի 16-ին Սուրբ Մարթայի տաճարում, Սբ. Պատարագի քարոզի ժամանակ Սրբազան Պապը խոսել է «աղքատության աստվածաբանության» մասին, ինչպես ինքն է բնորոշել:


    17 հունիսի, 2015թ.

     

     

    «Եղբայրնե՛ր, ձեզ ցոյց եմ տալիս Աստծու այն շնորհը, որ տրուած է Մակեդոնիայի եկեղեցիներին. որովհետեւ, հակառակ իրենց կրած նեղութեանն ու մեծ փորձութեանը, նրանց ուրախութիւնն անսահման եղաւ, եւ իրենց ծանր աղքատութեան մէջ նրանք մեծ առատաձեռնութիւն ցուցաբերեցին. քանզի իրենց կարողութեան համեմատ եւ նոյնիսկ իրենց կարողութիւնից էլ աւելի յօժար կամքով իրենց տուածի մասին եմ վկայում. բազում աղաչանքներով աղաչում էին, որ մեզ տան այն ընծաները եւ պաշտօնի մասնակցութիւնը, որ սրբերի համար է։

     

    Եւ ոչ միայն այնչափ, որչափ ակնկալում է֊ինք, այլ իրենք իրենց եւս նուիրեցին՝ նախ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստծու կամքով։ Աղաչեցինք Տիտոսին, որ, ինչպէս սկսել էր աւելի առաջ, նոյն ձեւով եւ աւարտին հասցնի ձեր մէջ այդ շնորհը եւս։ Եւ ինչպէս ամէն ինչում հարուստ էք հաւատով, խօսքով, գիտութեամբ, ամենայն փութաջանութեամբ եւ այն սիրով, որ կայ ձեր մէջ մեր հանդէպ, նայեցէք, որ այդ շնորհի մէջ էլ հարուստ լինէք…

    քանզի գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, նա, որ հարուստ էր, որպէսզի դուք նրա աղքատութեամբ հարստանաք».Բ. Կորնթ. 8,1-9:

     

     

    Պապն իր խորհրդածությունները կառուցեց Պողոսի նամակի այս հատվածի վրա, որտեղ առաքյալը կորնթացիներին մակեդոնացիների օրինակով խնդրում է օգնել Երուսաղեմի համայնքին, որը նյութական նեղության մեջ է: Ուրախությամբ փաստելով, որ կորնթացիները հարուստ են հավատքով, գիտությամբ…՝ առաքյալը խնդրում է նրանց այդ հարստությունը նաև նյութական առատաձեռնությամբ արտահայտել՝ «հավատքը պետք է հասնի գրպաններին», ասել է Պապը:

     

    Պողոսը հիշեցնում է Հիսուսի մեծագույն օրինակը՝ այն, որ Աստծո Որդին, հարուստ լինելով, աղքատացավ՝ մարդացավ, որպեսզի մենք հարստանանք: Ահա սա՛ է աղքատության աստվածաբանությունը, բացատրում է Պապը: Ուրեմն, աղքատ լինել հոգով՝ նշանակում է թույլ տալ, որ Քրիստոս մեզ հարստացնի իր աղքատությամբ և աչք չդնել այլ հարստությունների վրա, որոնք Քրիստոսինը չեն: Աղքատանալով այդպես՝ մենք հարստանում ենք, որեվհետև աղքատները հարստացնում են մեզ:

     

    Ինչպե՞ս: Հիսուսն ասաց, որ Ինքն աղքատների մեջ է, ուրեմն ի դեմս աղքատների՝ Հիսուսին ենք օգնում և, հետևաբար, հարստանում ենք: Բայց ունեցած ավելորդից բաժին հանելը քրիստոնեական օգնություն չէ, հարկ է տալ ունեցած քչից, նույնիսկ՝ տարրական անհրաժեշտության ունեցածից: Դա՛ է իրական աղքատանալը, դա՛ է Հիսուսին նմանվելը:

     

    Ինչպես Հիսուսն աղքատացավ մեզ համար, մենք էլ պետք է աղքատանանք ուրիշների համար, ովքեր ծայրահեղ կարիքի մեջ են ապրում: Հիսուսը շարունակաբար աղքատացնում է Ինքն Իրեն՝ Սբ. Հաղորդության հացի և գինու տեսքն ընդունելով և մեզ իր Մարմնով կերակրելով:

     

    Աղքատության մասին խոսելը տհաճ է մարդկանց: «Շատ անգամ լսում ենք, որ ասում են.«Այս քահանան շատ է խոսում աղքատության մասին…այս միանձնուհին խոսում է աղքատությունից…սրանք մի քիչ կոմունիստներ չե՞ն»…հակառակը, աղքատությունը Ավետարանի կենտրոնում է, Ավետարանը անհասկանալի կդառնա, եթե աղքատությունը հանենք Ավետարանից, ասել է Սրբազան Պապը:

     

Օրացույց

Օրացույց