• «Հայաստանը մարտիրոսության պատմության երկիր է».ասել է Պապը՝ ROACO-ի համագումարի մասնակիցներին

    Ինչպես հայտնել ենք, հունիսի 15-17-ը Վատիկանում գումարվելու է ROACO՝ «Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» բարեսիրական կազմակերպության 88-րդ համագումարը, որին մասնակցում է նաև Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը:


    15 հունիսի, 2015թ.

     

    Հունիսի 15-ին՝ կեսօրին, Սրբազան Պապը Քլեմենտինա սրահում ունկնդրություն է շնորհել կազմակերպության համագումարի մասնակիցներին: Պապն իր խոսքում նշել է, որ նախորդ տարվա հանդիպումը տեղի ունեցավ Իսրայել կատարած իր ճամփորդության և խաղաղության ուղղությամբ Սուրբ Աթոռի ձեռնարկած քայլերի նախօրյակին, ինչը թույլ է տալիս հուսալ, որ Արևելքում խաղաղություն հաստատվի:

     

    Միջին Արևելքի վիճակը անվերջանալի մի ցուրտ ձմեռ է թվում, ասել է Պապը և իր գնահատականը բերել Իրաքում ROACO-ի կատարած բարեգործական աշխատանքներին՝ ի սպաս գաղթականներին ու փախստականներին:

     

    Խոսելով Հայաստանի, Եթովպիայի և Էրիտրեայի մասին, որոնց խնդիրներին պետք է անդրադառնան ROACO-ի անդամները համագումարի նիստերի ընթացքում, Սրբազան Պապն ասել է.«Դուք կարող եք օգնել այս հինավուրց եկեղեցիների քրիստոնեական հասարակություններին՝ որպես մաս ավետարանության առաքելության և հատկապես երիտասարդների առջև բացել հույսի և զարգացման հորիզոններ»:

     

    Պապի խոսքերով, Հայաստանը մկրտություն ընդունած առաջին ազգի օրրանն է, պահապան՝ մշակույթի, հավատքի, մարտիրոսության վեհանձն պատմության: Այդ երկիրը, որպես Եկեղեցու նեցուկ, սատարում է Քրիստոսի բոլոր հավատացյալների տեսանելի միությանը: Թող նոր սերունդը կարողանա բացվել ավելի լավ մի ապագայի առջև, և շատերի զոհաբերությունը դառնա սերմ խաղաղության, ասել է Սրբազան Պապը՝ հղում անելով ապրիլի 12-ին հայ ժողովրդին ուղղված իր ուղերձի տողերին:

     

    Պապն Աստծո օրհնությունն է հայցել Արևելյան Եկեղեցիների համար և շնորհակալություն հայտնել ներկաներին՝ իրենց աշխատանքի համար:

     

    Հիշեցնեմ, որ ROACO-ի համագումարի ընթացքում քննարկվելու են Արևելյան Եկեղեցիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կարելիությունների հետ կապված հարցեր:

Օրացույց

Օրացույց