• Ամենապատիվ Հոգևոր Տերը հանդիպել է կարդինալ Մամբերտիի հետ

    «Սրբազան Քահանայապետը բարոյական մեծ ուժ ունի ամբողջ աշխարհում»:


    5 հունիսի, 2015թ.

     

    Հունիսի 3-ին Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ը Լիբանանի Պրերքեյում՝ Մարոնիտ Կաթողիկէ Պատրիարքության նստավայրում, հանդիպել է Լիբանանում գտնվող Կարդինալ Դոմինիկ Մամբերտիի հետ, ով Սուրբ Աթոռի Առաքելական գերագույն ատյանի նախագահն է: Կարդինալը հանդիպումը Լիբանանի կաթողիկէ և ուղղափառ բոլոր կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ էր՝ քննարկելու Լիբանանում գտնվող փախստական քրիստոնյաների հարցը: Ամենապատիվ Տ. Ներսես Պետրոս Կաթողիկոս Պատրիարքից բացի հանդիպմանը ներկա էր միայն մեկ պատրիարք՝ Մարոնիտ Եկեղեցու Պատրիարք կարդինալ Ռայը, մյուս կրոնական առաջնորդները հանդիպմանը մասնակցում էին ի դեմս ներկայացուցիչների:

     

    Հանդիպման ընթացքում կարդինալ Մամբերտին խոսել է Սրբազան Պապի մտահոգության մասին՝ Արևելքում քրիստոնյաների նկատմամբ ահաբեկչական գործողություններով և ահավոր չափերի հասնող արտագաղթի փաստով: Իրենց հերթին մահմեդական համայնքների ներկայացուցիչները ևս իրենց զորակցությունն են հայտնել քրիստոնյաներին՝ փաստելով, որ իրենց համայնքներն էլ են զոհ դառնում արմատականների բռնաճնշումներին:

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերն իր ելույթի ժամանակ ասել է, որ Հռոմի Սուրբ Աթոռը զինված ուժեր չունի և ոչ էլ տնտեսական այնպիսի մեծ կարողություն, որպեսզի կարողանա խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում,  բայց ունի բարոյական մեծ ուժ ամբողջ աշխարհում, մանավանդ՝ ի դեմս Ֆրանցիսկոս Սրբազան Պապի անձի: Ըստ նրա, խաղաղության մեծագույն խոչընդոտներից մեկը զենքի վաճառքն է:

     

    Կարդինալ Մամբերտին վստահեցրել է, որ այս հանդիպման մանրամասները կփոխանցի Սրբազան Պապին:

Օրացույց

Օրացույց