• «Պետք է ամաչենք, որ այսքան շատ աղքատություն կա».Պապի ընդհանուր ունկնդրությունը, 3 հունիսի, 2015թ.

    Եկեղեցին ևս պետք է աղքատ լինի, որպեսզի պտղաբերի և դարման գտնի այսքան շատ աղքատությանը:


    4 հունիսի, 2015թ.

     

    Հունիսի 3-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Սրբազան Պապը խոսել է աղքատության մեջ ապրող ընտանիքների մասին:

     

    «Մտածե՛նք այն ընտանիքների մասին, որոնք ապրում են մեծ քաղաքների ծայրամասերում և գյուղական բնակավայրերում, որքա՛ն շատ թշվառություն և անկում կա».ասել է Քահանայապետը:

     

    Նա հատկապես ծանր է համարում այն շրջանների աղքատների վիճակը, որտեղ պատերազմներ կան: Պատերազմը բոլոր տեսակի աղքատությունների մայրն է, այն գողանում է կյանքեր, հոգիներ, ամենասուրբ զգացումներ և մեր սիրելիներին, ասել է Պապը:

     

    Բայց նույնիսկ ամենաաղքատ պայմաններում կան մարդիկ, ովքեր պահում են իրենց արժանապատվությունը՝ իրենք իրենց վստահելով Աստծուն:

     

    Ոչինչ չի կարող արդարացնել մեր անտարբերությունը՝ աղքատների հանդեպ, այլ պետք է ամաչենք, որ այսքան շատ աղքատություն կա, վստահ է Պապը:

     

    Հրաշք է, որ մարդիկ շարունակում են ընտանիքներ կազմել այսպիսի աղքատություն պայմաններում, իսկ նրանք, ովքեր երկրորդական են համարում ընտանեկան կապերը և ավելի կարևորում են կյանքի որակը, ոչինչ չեն հասկանում:

     

    Հակառակ մերօրյա տնտեսական գաղափարախոսությանը, թե անհատական բարեկեցությունն ավելի կարևոր է, քան՝ ընտանիք ունենալը, Սրբազան Պապը կոչ է անում փնտրել միջոցներ՝ ընտանիքները զորացնելու համար, հատկապես՝ աղքատ ընտանիքները:

     

    Եկեղեցին, որպես Մայր չի կարող կույր լինել՝ ի տես իր զավակների տառապանքների: Եկեղեցին ևս պետք է աղքատ լինի, որպեսզի պտղաբերի և դարման գտնի այսքան շատ աղքատությանը: Սա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է ընտրի պարզությունը, թե անհատապես, թե հաստատության մակարդակով, որպեզի փլվեն բաժանումների պատերը և հաղթահարվի աղքատությունը, ասել է Սրբազան Պապը:

Օրացույց

Օրացույց