• Տոն, որը մի՛շտ քեզ հետ է. Փանիկի մանուկներն առաջին Սբ. Հաղորդությունն ընդունեցին թեմի առաջնորդի ձեռամբ

    «Հիսու՛ս, սիրու՛մ ենք Քեզ ամբողջ սրտով, բովանդակ հոգով և ամբողջ էությամբ…»


    1 հունիսի, 2015թ.

     

    Փանիկ համայնքի երեխաների տոնը սկսվեց մայիսի 31-ին, երբ 17 երեխա առաջին անգամ ընդունեց Սբ. Հաղորդությունը՝ ձեռամբ Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի, Սբ. Պատարագի ընթացքում, գեղեցիկ ու անմոռանալի արարողությամբ: Եվ խորհրդանշական է, որ այս արարողությունը, Փանիկի ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի նախաձեռնությամբ, կատարվեց Սբ. Երրորդության տոնին:

     

     Առաջին Սբ. Հաղորդությունը քրիստոնյայի կյանքում երկրորդ մեծագույն տոնն ու իրադարձությունն է, Սբ. Մկրտությունից հետո: Մկրտությամբ երեխան մտնում է Քրիստոսի Եկեղեցին, որդեգրվում Տիրոջը, դառնում Աստծո ընտանիքի անդամը՝ Քրիստոսի հետ մեկ լինելու նպատակով, որը փրկության միակ գրավականն է: Իսկ Սբ. Հաղորդությունը այլ բան չէ, քան միություն՝ Հիսուսի հետ՝ Նրա Մարմնի և Արյան հետ ճշմարիտ միությամբ, Նրան մեր մեջ ընդունելով և Նրա հետ միասին Հայր Աստծուն զոհաբերվելով: Հիսուս Ինքը հաստատեց Սբ. Հաղորդության խորհուրդը վերնատան մեջ, պատվիրեց միշտ կատարել և ասաց.

     

    «…եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի…իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ». Հվհ. 6:54-58:

     

     Տիրոջ հետ առաջին հանդիպմանը երեխաները խորանի առջև կանգնել էին սպիտակ գեղեցիկ հագուստներով ու վարդարաններով: Սրբազան Հայրն իր քարոզը վերածեց երեխաների հետ մի հիշարժան երկխոսության և բացատրեց նրանց տոնի խորհուրդը: Ահա՛ մի հատված.

     

    -Մեկ ամիս է՝ պատրաստվում էիք, որպեսզի իմանայիք, թե Հիսուսն ինչպես է գալու ձեր սիրտը: Շատ գեղեցիկ է այս պահը…Պահն է եկել՝ հանդիպելու սիրելի Անձի հետ…պատրաստ ե՞ք,-հարցրեց Սրբազան Հայրը երեխաներին:

    -Այո, պատրա՛ստ ենք,-եղավ պատասխանը:

     

    Սրբազանը պատմեց, որ երբ ինքն էր մանուկ հասակում պատրաստվում ընդունելու իր առաջին Սբ. Հաղորդությունը, Հիսուսին ուղղված խնդրանքների մի երկար ցուցակ էր պատրաստել՝ խնդրանքներ ծնողների համար, իր դասերի հաջողությունների համար և նման բաներ: Սրբազանը խորհուրդ տվեց երեխաներին, որ իրենք էլ նման խնդրանքներով այսօր մոտնեն Տիրոջը, որովհետև այսօր Հիսուս կկատարի նրանց բոլոր խնդրանքները:

     

    Բայց ո՞րն է ամենակարևորը:

     

    -Ամենից առաջ, երբ Քրիստոս մտնի ձեր սրտերից ներս, պետք է ունենա լավ պատրաստված, սիրուն մի ապաստան, տուն, որ ձեր սիրտը դառնա Քրիստոսի բնակարանը, և որքան որ Ինքն է ձեզ սիրում և գալիս է, նույնքան և դուք պատրաստ պետք է լինեք՝ Իրեն սիրելու,-ասաց Սրբազանը,-սիրում ե՞ք Քրիստոսին:

    -Այո, շա՛տ:

    – Ի՞նչն է փաստը, որ մենք սիրում ենք Քրիստոսին: Ինչպե՞ս կարելի է բացատրել մեր սերը:

    -Աղոթքո՛վ:

     

    -Վկայությա՛մբ, պետք է վկայե՛լ Հիսուսի մասին մեր կենցաղով, մեր առօրյա կյանքում, մեր եղբայրասիրությամբ, նրանով, որ իրար չենք ատում, որովհետև ամենքս էլ Քրիստոսի Մարմնին և Արյանն ենք հաղորդվում… Եթե սիրում ենք Հիսուսին, ուրեմն, իր մարմինը պետք է ընդունենք և Իր սիրույն հիշատակի համար պետք է Հիսուսին պահենք մեր մաքուր սրտում:

     

    Միմյանց սիրելու պարտականությունը վերաբերում է յուրաքանչյուր քրիստոնյայի.

     

    -Որքա՛ն ենք մենք մեր մեջ իրար հալածում, եղբայրներ, քույրեր, ընտանիքներում՝ փոխանակ հաշտ ապրելու, սիրո մեջ ապրելու, Քրիստոսի վկայությունը տալու:

    Ինչքան շատ արժևորեք ջերմ կապը ձեր ծնողների հետ, այնքան կարժևորվի ձեր կապն Աստծո հետ, շեշտեց Սրբազանը և պատվիրեց մշտապես մոտ մնալ Հիսուսին.

     

    – Ուր էլ, որ լինեք, հիշե՛ք, որ ձեր սրտում մի անկյուն կա, որ պատկանում է Աստծուն: Մի անկյուն պետք է միշտ մնա մաքուր և կապի մեջ՝ Քրիստոսի հետ: Այդ ժամանակ մի՛ վախեցեք կյանքի դժվարություններից, ձեր թշնամիներից, որովհետև Քրիստոս, Սբ. Երրորդությունը ձեր մեջ է:

     

    Սբ. Պատարագի ընթացքում երեխաներն, ըստ կարգի, երդվեցին հեռու մնալ սատանայից, խոստավանեցին իրենց հավատքը՝ Սբ. Երրորդության հանդեպ, ընծաներ՝ ծաղիկներ, մոմեր, խունկ, ցորեն, խաղող, նվիրաբերեցին Տիրոջը՝ ի դեմս Ռաֆայել Սրբազանի, ապա բերեցին Ավետարանը:

    Աղոթելիս միասին ասում էին.

     

    «Հիսուսի խորանի առջև ներե՛նք միմյանց հանցանքները, ինչպես Երկնավոր Հայրն է մեզ ներում…

    Սիրելի՛ ծնողներ…մեր արած չարությունների, անհնազանդությունների…համար ներողություն ենք խնդրում ձեզնից և խոստանում այսուհետ լինել բարի և հնազանդ:

     

    Ո՛վ սիրելի Հիսուս, խոնարհվում ենք Քո առաջ և երկրպագում ենք քեզ, որ ներկա ես այստեղ՝ Սբ. Հաղորդության խորհրդի մեջ և դու Ինքս գալիս ես մեր սրտերի մեջ: Վստա՛հ ենք, որ Քեզ ընդունելով՝ միանում ենք մեր Փրկչին, դառնում տաճար և բանկարան Սուրբ Հոգու…Ո՛վ Հիսուս, սիրում ենք Քեզ ամբողջ սրտով, բովանդակ հոգով և ամբողջ էությամբ…»:

     

    11119332_894181967287760_7077399496009296297_n DSC05751 DSC05756 DSC05760 DSC05772 DSC05776 DSC05779

Օրացույց

Օրացույց