• «Մենք բոլորս աղոթում ենք Ձեզ համար».ասել է հիվանդ աղջնակը՝ Պապին

    Գթասիրտ Հայր Աստծո հայացքն ասում է՝ «իմ զավակն էլ տառապեց»:


    30 մայիսի, 2015թ.

     

     

    Ինչպես տեղեկացնում է Ռադիո Վատիկանը,

    Մայիսի 29-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Մարթայի տաճարում հանդիպել է 7-14 տարեկան մի խումբ հաշմանդամ երեխաների, ովքեր տառապում են ծանր հիվանդություններով:

     

    Սուրբ Աթոռի մամլո խոսնակ Ֆեդերիկո Լամբերտիի խոսքերի համաձայն, Մաշա անունով մի աղջնակ է մոտեցել Պապին ու նրան պատմել, որ սա իր երկրորդ հանդիպումն է Պապի հետ.առաջին անգամ Մաշան Պապի հետ հանդիպել է ճիշտ երկու տարի առաջ, մի խումբ երեխաների հետ, որոնցից մի քանիսը հիմա  երկնքում են, ասել է աղջնակը և վստահեցրել է Պապին, որ բոլորն էլ աղոթում են նրա համար, ինչպես խնդրել էր:

     

    Սրբազան Պապն ասել է, որ չենք կարող հասկանալ, թե ինչու են տառապում հիվանդ մանուկները, դա մի խորհուրդ է.

    «Բացատրություններ չկան…մտածում եմ Մարիամի մասին, երբ նրան հանձնեցին իր մեռած զավակի մարմինը՝ արյունոտ ու վիրավոր…Տիրամայրը շոյեց նրան: Նա ևս չէր հասկանում պատահածը»: Հիվանդ երեխաների ծնողներին Պապը խորհուրդ տվեց չվախենալ Տիրոջն ուղղակի հարցնելուց, թե ինչու են այդ հիվանդությունները պատահում, և ապա լսել Տիրոջ ձայնը և զգալ Նրա հայացքը, «գթասիրտ հոր հայացքը, որն ասում է՝ «իմ զավակն էլ տառապեց»:

     

    Սրբազան Պապը իր հիացմունքն է արտահայտել այն ծնողներով, ովքեր քաջությամբ հրաժարվում են հղիության արհեստական ընդհատումից: Աբորտը խնդրի լուծում չէ, իսկ զավակների տառապանքին դիմացող ծնողների տոկունությունը «հերոսություն» է որակել:

     

    Երեխաների հետ հանդիպումն ավարտվել է «Ողջույն քեզ, Մարիամ» աղոթքով և ներկաների օրհնությամբ:

Օրացույց

Օրացույց