• «Հյուրասենյակի քրիստոնյաներ և բիզնեսի քրիստոնյաներ».Պապի քարոզը՝ Սուրբ Մարթայում, 28 մայիսի, 2015թ.

    Պապը հրավիրում է խղճի քննություն կատարել.ինչպիսի՞ քրիստոնյա ես դու


    Մայիսի 28-ի առավոտյան Սբ. Պատարագի ժամանակ, մեկնելով Ավետարանի պատմությունը կույս Բարտիմեոսի բժշկության մասին (Մրկ., 10:46-52)՝ Սրբազան Պապը խոսել է օգնության կարոտ մարդու հանդեպ երեք տեսակի վերաբերմունքի մասին, ըստ որի կարելի է քրիստոնյաներին բաժանել 3 խմբի:

     

    Առաջին խմբում այն քրիստոնյաներն են, ովքեր մտահոգված են միայն Հիսուսի հետ իրենց անձնական հարաբերությամբ և անտարբեր են ուրիշների հանդեպ: Այսպիսիք չէին ուզում լսել Բարտիմեոսի աղաղակը:

    «Այս մարդիկ չեն լսում բազում մարդկանց լացը, ովքեր կարիքն ունեն Հիսուսի, նրանք չեն լսում և կարծում են, թե կյանքը միայն իրենք են, նրանք գոհ են, խուլ են բազմաթիվ մարդկանց փրկության կարիքի հանդեպ…Այսպիսի մարդիկ եսասեր են և ապրում են միմիայն իրենք իրենց համար: Այսպիսիք ունակ չեն լսելու Հիսուսի ձայնը».ասել է Պապը:

     

    Երկրորդ խմբում կարելի է տարանջատել մի քանի շերտ.

    նախ այն քրիստոնյաներն են, ովքեր լսում են օգնության աղաղակները, բայց աշխատում են լռեցնել դրանք: Սրանք այն մարդկանց նման են, ովքեր լռեցնում էին Բարտիմեոսին և սաստում, որ Հիսուսին հանգիստ թողնի: Առաքյալնե՛րն էլ էին այդպես վարվում: Նրանք ուզում էին լռեցնել Բարտիմեոսին, հեռու պահել երեխաներին, որովհետև մտածում էին, որ Հիսուսը միայն իրե՛նցն է, ոչ՝ բոլորինը: Այդպես նրանք Տիրոջից հեռու են պահում նրանց, ովքեր փրկության կարիքն ունեն:

     

    Կա մի շերտ, որը բիզնեսով է զբաղված: Դրանք, առաջին հայացքից բարեպաշտ են, բայց Հիսուսը նրանց նմաններին դուրս վռնդեց տաճարից, որովհետև Աստծո տան մեջ առևտուր էին անում: Նրանք չեն ուզում լսել մարդկանց օգնության աղաղակները և գերադասում են Եկեղեցին շահագործել իրենց բիզնեսի շահի համար:

     

    Մեկ այլ շերտ էլ կա, որ քրիստոնյաներ են միայն անունով, «հյուրասենյակի քրիստոնյաներ», «ընդունարանի քրիստոնյաներ», սրանց ներքին կյանքը քրիստոնեական չէ, այլ՝ աշխարհիկ»: Սրանք չեն վկայում իրենց կյանքով Տիրոջ մասին:

     

    Վերջապես կա մի շերտ, որ խստակյացներ են՝ ռիգորիստներ.Քրիստոսը նախատում էր այսպիսիներին, որովհետև այսպիսիք ծանր բեռներ են դնում մարդկանց ուսերին: Հիսուսը նրանց կեղծավորներ է անվանում Մատթեոսի 23-րդ գլխում և ասում, որ նրանք շահագործում են մարդկանց և մատը մատին չեն տալիս՝ մարդկանց օգնելու համար:

     

    Երրորդն այն խումբն է, որին պետք է հետևենք բոլորս: Այս խմբի քրիստոնյաներն օգնում են ուրիշներին մոտենալ Քրիստոսին, ապրում են՝ վկայելով Հիսուսի և Ավետարանի մասին, նրանց կյանքն ու հավատքը համապատասխան են:

     

    Սրբազան Պապը յուրաքանչյուրիս հրավիրում է խղճի քննություն կատարել և հասկանալ, թե որ խմբին ենք պատկանում: Ամեն մարդ թող պատասխանի իր սրտում:

     

    Թարգմանությունը՝ ըստ L’Osservatore Romano-ի հրապարակման

Օրացույց

Օրացույց