• Երկու ոտքի վրա տատանվող կիսատ-պռատ քրիստոնյան.Պապի քարոզը, 26 մայիսի, 2015

    Ո՞րն է Հիսուսին հետևելու մեծագույն փոխհատուցումը


    27 մայիսի, 2015թ.

     

     

    Մայիսի 26-ի առավոտյան քարոզի ժամանակ Սրբազան Պապը ուշադրություն է հրավիրել ավետարանական այն հատվածի վրա, որտեղ Պետրոս առաքյալը հարցնում է Հիսուսին, թե ինչ կստանան իրենք Հիսուսին հետևելու դիմաց:

     

    Հիսուսը աշակերտներին խոստանում է Երկնքի Արքայությունը, բայց՝ հալածանքներով և խաչով հանդերձ: Հիսուսը իրեն հետևողներից պահանջում է անմնացորդ և արմատական նվիրում: «Երբ քրիստոնյան կառչած է աշխարհիկ բաներից, նա թողնում է վատ քրիստոնյայի տպավորություն, որ ուզում է ունենալ թե՛ երկինքը, թե՛ երկիրը: Համեմատության անկյունաքարը Հիսուսի համար խաչն ու հալածանքն է: Այսինքն՝ մերժել սեփական անձդ, ամեն օր տառապել խաչով…».ասել է Քահանայապետը:

     

    Երկրային շահեր ունենալու վառ օրինակ է այն հատվածը, երբ Հակոբոսի և Հովհաննեսի մայրը խնդրում է Հիսուսին՝ իր աջ և ձախ կողմերում տեղ ապահովել իր որդիների համար.«Այս մեկին դարձրու՛ վարչապետ, իսկ մյուսին՝ տնտեսության նախարար: Այդ կինն աշխարհիկ շահ ուներ՝ հետևելու Հիսուսին».բացատրում է Քահանայապետը:

     

    Բայց աշակերտների սրտերը մաքրվեցին Հոգեգալստյամբ, նրանք այլևս հասկացան ամեն բան: Մեր հանդեպ Հիսուսի անշահախնդիր սիրո դիմաց մենք պետք է պատասխանենք անշահախնդրաբար հետևելով Հիսուսին:

     

    Իսկ երբ մեկն ուզում է հետևել և՛ Հիսուսին, և՛ աշխարհին, և՛ աղքատությանը, և՛ հարստությանը, սա կիսատ-քրիստոնեություն է, որին հետաքրքրում է նյութական շահը: Սա է աշխարհիկության ոգին: Այդպիսի քրիստոնյան, Եղիա մարգարեի խոսքերով, թռթռում է երկու ոտքերի վրա՝ չիմանալով, թե ինչ է ուզում: Միշտ պետք է հիշենք Հիսուսի խոսքերը, թե նա, ով ուզում է առաջինը լինել, վերջինը կլինի:

     

    Մարդկային տեսակետից Հիսուսին հետևելը ձեռնտու չէ, որովհետև դա նշանակում է՝ ծառայել: Հիսուսը ծառայեց ուրիշներին: Երբ Աստված քեզ հնարավորություն է տալիս լինելու առաջինը, ձգտի՛ր լինել վերջինը՝ ծառայելով: Երբ Աստված քեզ հնարավորություն է տալիս ունենալու սեփականություն, ուրիշների՛ն էլ տուր:

     

    Հարստությունը, փառասիրությունն ու հպարտությունը հեռացնում են մեզ Հիսուսից:

    Մենք պետք է Տիրոջից խնդրենք, որ մեզ սովորեցնի «ծառայության գիտությունը», «խոնարհության գիտությունը, վերջինը լինելու և Եկեղեցում մեր եղբայրներին ու քույրերին ծառայելու գիտությունը»:

     

    Ուրեմն, հարցնում է Պապը, ի՞նչ ենք ստանում՝ Հիսուսին հետևելով.նմանությու՛նը Հիսուսին, սա՛ է մեր մեծ փոխհատուցումը:

     

Օրացույց

Օրացույց