Հոգևոր Տերը հովվական այցելությամբ Հունգարիայում էր
25 մայիսի, 2015թ.
Ինչպես հայտնում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու դիվանը,
2015թ. մայիսի 21-ին Տանն Կիկիլիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքը հովվական այցելությամբ Հունգարիում էր՝ Բուդապեշտում, ուղեկցությամբ՝ Հ. Վարդան վրդ. Գազանճյանի և Հ. Գրիգոր վրդ. Փադիշահի:
Հոգևոր Տիրոջը դիմավորել է Հունգարիայի արքեպիսկոպոս կարդինալ Փիթեր Էրդոն: Նրանք զրուցել են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին: Կարդինալը նշել է, թե Հունգարիայի խորհրդարանում մի խումբ պատգամավորներ լուրջ աշխատանք են տանում Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, բայց այդ քայլերը դժվարությունների են բախվում՝ կապված Թուրքիայի հետ Հունգարիայի հարաբերությունների բնույթի և քաղաքական շահերի հետ: Ըստ կարդինալի, հարկ է հանրային համապատասխան կարծիք ու տրամադրվածություն ձևավորել Հունգարիայում, ինչին ինքը աջակցում է:
Մայիսի 22-ին Հոգևոր Տերը հանդիպել է Հունգարիայի կաթողիկէ եպիսկոպոսաց ժողովի անդամների հետ: Հոգևոր տերը ժողովին ներկայացրել է Հայր Գրիգոր վրդ. Փադիշահին, ում նշանակել է ի սպասավորություն Բուդապեշտի հայ կաթողիկէների հոգևոր կարիքների: Պատրիարքը խոսել է 2015թ. ապրիլի 12-ին Սբ. Պետրոսի տաճարում կատարված պատմական իրադարձության մասին և ուշադրություն հրավիրել Սրբազան Պապի խոսքերին, թե լռությունը ոճրագործության մեղսակցություն է: Խոսվել է նաև Հայ Կաթողիկէ Եկեղեցու զանազան կառույցների և սինոդոսի մասին, ինչպես նաև՝ Հունգարիայում կաթողիկէ կրթության բարդությունների մասին:
Նույն օրը Հոգևոր Տերը հանդիպել է նաև Հունգարիայի փոխվարչապետ Սեմժեն Զոլդիի հետ: Փոխվարչապետը, խոսելով Հունգարիայի հայ համայնքի պատմության և ներկայիս ակտիվության մասին, փաստել է, որ հայերը մեծ դեր են ունեցել Հունգարիայի ազատագրման գործում:
«Մեզ համար մեծ պատիվ է՝ ընդունել ձեզ՝ որպես Հայ Կաթողիկէ Եկեղեցու պետ: Մենք պարտական ենք ձեզ՝ հայերիդ մեր երկրի զարգացման համար: Դուք սատարել ենք այս երկրի անկախությանը: Հայերը միշտ կարևոր դեր են ունեցել Հունգարիայի պետական հաստատություններում՝ արժանանալով անվերապահ հարգանքի».ասել է փոխվարչապետը: