• Պապը՝ Մահմուդ Աբբասին.«Դուք կարող եք լինել խաղաղության հրեշտակ»: Իսրայելը հիստերիայի մեջ է:

    Պապը՝ Մահմուդ Աբբասին.«Դուք կարող եք լինել խաղաղության հրեշտակ»: Իսրայելը հիստերիայի մեջ է:


    18 մայիսի, 2015թ.

     

    Մայիսի 16-ին Սրբազան Պապն ընդունեց Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին, իսկ մայիսի 17-ին, Աբբասի մասնակցությամբ արարողության ժամանակ, սրբեր հռչակեց 19-րդ դարում Պաղեստինում  ծառայած չորս միանձնուհիների, որոնցից երկուսը ծնունդով Պաղեստինից են:

     

    Աբբասի հետ Պապի հանդիպումը Սուրբ Աթոռի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացման պատմական փուլերից մեկն է: Մի քանի օր առաջ Սուրբ Աթոռն ու Պաղեստինի ղեկավարությունը նախնական համաձայնության եկան` առաջիկայում պաշտոնական փաստաթուղթ ստորագրելու համար, որով կկարգավորվեն Պաղեստինում գտնվող կաթողիկէ Եկեղեցու հետ կապված գործնական հարցերը, և դիվանագիտական հարաբերությունները կթևակոխեն նոր փուլ, ինչը կարող է դրական արդյունք ունենալ նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար: Ֆրանցիսկոս Սրբազան Պապը Աբբասին նվիրեց «Խաղաղության Հրեշտակ» մեդալյոնը և ասաց.

     

    «Խաղաղության հրեշտակը ոչնչացնում է պատերազմի չար ոգին…Մտածում եմ, որ Դուք կարող եք լինել խաղաղության հրեշտակ»: Քահանայապետը Աբբասին տվեց նաև իր «Ավետարանի ուրախությունը» շրջաբերականի անգլերեն տարբերակի մեկ օրինակ: Իսկ Աբբասը Պապին նվիրեց սուրբ հռչակված միանձնուհիների մասունքները:

     

    Սրբազան Պապի այս խոսքերը, որոնք կայծակնային արագությամբ տարածվեցին աշխարհի առաջատար լրատվամիջոցների հրապարակումներում, առաջացրեցին Իսրայելի ղեկավարության դժգոհությունը, մանավանդ, որ նախնական համաձայնությունը Սուրբ Աթոռի և Պաղեստինի միջև նշանակում է, որ Սուրբ Աթոռը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը՝ որպես պետություն: The Guardian-ը գրում է.

    «Իսրայելական արտաքին գործոց նախարարության մի պաշտոնյա ասել է.

     

    «Իսրայելը դժգոհությամբ լսեց Սուրբ Աթոռի որոշման մասին՝ պաղեստինցիների հետ վերջնական համաձայնութայն գալու մասին՝ ներառյալ «Պաղեստին պետություն» հասկացության օգտագործումը…Սա չի նպաստում խաղաղության գործընթացին…Իսրայելը կուսումնասիրի այս համաձայնությունը և կորոշի իր հաջորդ քայլը»»:

     

    Սուրբ Աթոռի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անտուան Կամիլիերին L’Osservatore Romano պարբերականի հետ իր հարցազրույցում ասել է, որ գալիք վերջնական համաձայնագիրը կարող է «անուղղակի կերպով նպաստել պաղեստինցիներին՝ հաստատելու անկախ, ինքնակառավարվող և ժողովրդավարական Պաղեստինի պետությունը»:

     

    Պաղեստինի հետ հարաբերությունների ջերմացմամբ Սուրբ Աթոռը վերահաստատում է իր դիրքորոշումը, որով միշտ դատապարտել է ագրեսիվ, նվաճողական քաղաքականությունը և բռնությունների սանձազերծումը, ինչը, բնականաբար, չէր կարող հաճելի լինել 1948թ. ի վեր բռնի ուժով ինքնահաստատվող Իսրայել պետության ղեկավարներին և շատ այլ թաքնված և բացահայտ գործող կառույցների և անձանց, ովքեր զենքի ուժով փորձում են աշխարհի տարբեր անկյուններում հաստատել սեփական գերիշխանությունն ու մեծ դրամական շահույթներ ստանալ, բայց սա առանձին վերլուծական հոդվածի թեմա է:

     

    Ի գնահատումն Պաղեստինի կաթողիկէ համայնքի,  մայիսի 17-ին Սրբազան Պապը սրբերի շարքը դասեց Պաղեստինում իրենց կրոնավորական կյանքը նվիրաբերած չորս միանձնուհիների,  ովքեր մեծ ավանդ ունեն հատկապես կաթողիկէ կրթության գործում:

     

    Սբ. Մարի Ալֆոնսինը և Հիսուս Խաչյալի Սբ. Մարին ծնունդով Պաղեստինից էին, Սբ. Ժան Էմիլի դե Վիլնյովը ֆրանսուհի էր, իսկ Անարատ Հղության Սբ. Մարի Քրիստինան իտալուհի էր:

     

    «Հնազանդվել Աստծուն և վստահել Նրա սիրոյն, և այսպես մեր կյանքով և խոսքերով քարոզել Հիսուսի Հարությունը, միմյանց հետ ապրել միասնության մեջ և եղբայրասիրությամբ՝ բոլորի հանդեպ.ահա՛, թե ինչ արեցին այսօր սրբերի շարքը դասված չորս սուրբ կանայք: Նրանց լուսավոր օրինակը փոխում է մեր կյանքը՝ որպես քրիստոնյաների».ասաց Սրբազան Պապը սրբադասման արարողության ժամանակ:

     

Օրացույց

Օրացույց