Ով պատրաստ չէ հալածվելու, չի հասկանում քրիստոնյայի ճանապարհը.Սրբազան Պապի քարոզը Սբ. Մարթայի տաճարում
12 մայիսի, 2015թ.
Ըստ Radio Vatican-ի,
2015թ. մայիսի 11-ի առավոտյան Սբ. Պատարագի ժամանակ Սրբազան Պապը խոսել է քրիստոնյաների հանդեպ հալածանքների մասին:
Քրիստոսի խաչի մասին քարոզելը անպայմանորեն ենթադրում է հալածանքներ, ինչպես հալածվեց Հիսուսը և ինչպես սովորեցրեց իր աշակերտներին.
«Ձեզ դուրս կհանեն ժողովարաններից: Հիրավի մոտ է այն ժամանակը, երբ ամեն ոք, ով ձեզ սպանի, կկարծի, որ պաշտամունք է անում Աստծուն» (Հվհ., 16:2):
Այսօր տեսնում ենք, որ քրիստոնյաներին սպանում են Աստծու անունով: Հիսուս ասաց, որ հալածանքները կլինեն, բայց պատվիրեց չհուսահատվել և չգայթակղվել, որովհետև Սուրբ Հոգին կառաջնորդի մեզ, որ հասկանանք, բացատրել է Պապը:
Հիշելով ղպտի 21 մարտիրոսներին, Պապն ասել է, որ մարտիևրոսությունը հավատքի գերագույն վկայությունն է:
«Քրիստոնյան, ով լուրջ չի ընդունում մարտիրոսությունը կյանքում, չի հասկանում Հիսուսի սովորեցրած ճանապարհը.ճանապարհ, որը մեզ հրավիրում է վկայել ամեն օր՝ պաշտպանելով ուրիշների իրավունքները, մեր երեխաներին, մայրերին ու հայրերին, ովքեր պաշտպանում են իրենց ընտանիքները, շատ շատերին, ովքեր վկայում են և տառապում Հիսուսի հանդեպ սիրո համար: Մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ցույց տալու Զատկի կենսատու ուղերձը՝ վկայություն տալով և չգայթակղվելով».ասել է Սրբազան Քահանայապետը: