• Փանիկում օրհնվեց նորակառույց մատուռը

    Փանիկում օրհնվեց նորակառույց մատուռը


     11 մայիսի, 2015թ.

     

    2015թ. մայիսի 10-ին Փանիկում մեծ միջոցառում էր.գյուղի ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանն օրհնեց գյուղի գերեզմանոցի մոտ կառուցված մատուռը  և անվանեց «Սրբոց նահատակաց»՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի նահատակության: Մատուռը կառուցվել է այս տարի՝ փանիկցի ռուսաստանաբնակ գործարարներ Սոս և Արամ Բոյաջյանների հովանավորությամբ և գյուղացիների ուժերով: Չնայած գրեթե չդադարող անձրևին, գյուղացիների մի հոծ բազմություն ներկա էր արարողությանը:

    Սա մի փոքրիկ մատուռ է, որտեղ գյուղացիներն աղօթելու են իրենց ննջեցյալների համար, բայց մեծ ասելիք ունի գյուղացիների բարեպաշտության մասին, իսկ ժողովրդապետի համար առիթ էր՝ հիշելու գյուղի անցած հոգևոր դժվար ու օրինակելի ճանապարհը.

     

     

    «Աստուծոյ կամօք օրհնում ենք այս նորակառոյց մատուռը՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին եւ կառուցուած Սոս եւ Արամ Բոյաջեանների նախաձեռնութեամբ ու միջոցներով: Խորին շնորհակալութիւն եմ յայտնում այս հաւատաւոր զաւակներին՝ ամբողջ գիւղի եւ Եկեղեցւոյ անունից:

     

    Այս մատռան կառուցումը ապացոյցն է այն փաստի, որ հաւատքի համար նահատակուածների յիշատակը ձեր հոգիներում վառ է մնում եւ թելադրում է ձեզ հարգանքի տուրք մատուցել նրանց սուրբ մարտիրոսութեանը:

     

    Սա նաեւ ապացոյց է, որ հաւատքի խորքային ապրումը, Եկեղեցու հանդէպ սէրը ձեր մէջ չի խեղդուել ժամանակակից աշխարհի աղմուկի եւ անհաւատութեան ճիրաններում եւ, աւելին շարունակում է ծիլեր տալ ու ծաղկել: Այս մատուռը մի ծիլ է, որը, անշուշտ հոգեւոր ծիլեր է տալու ձեր հոգիներում:

     

     Փանիկը իր հիմնադրումից ի վէր, արդեն մօտ 200 տարի, մշտապէս եղել է քրիստոնէութեան աւանդական օջախներից մէկը: Գիւղի Աստուածամօրը նուիրուած եկեղեցին կառուցուել է դեռեւս 1846թ. Ալաշկերտից ներգաղթած կաթողիկէ հայերի սերնդի անմիջական հաջորդներից՝ Պետրոս քահանայ Նահապետեանի եւ բոլոր գիւղացիների միասնական ջանքերով: Այստեղ Եկեղեցին եւ հոգեւորականը մշտապէս առանձնակի հարգանք են վայելել: Գիւղի քահանաներն են եղել կրթութեան, բժշկութեան, տնտեսութեան նախաձեռնողներն ու զարգացնողները՝ բնակիչների հետ ձեռք ձեռքի տուած: Պետրոս Նահապետեանին յաջորդած Պօղոս վրդ. Նահապետեանը գիւղը դարձրեց գեղեցիկ մի ծառաստան, որով այսօր էլ հիանում ենք, հիմնեց մի հիհանդանոց, 1859թ. բացեց մի դպրոց, որտեղից սերել են անուանի հոգեւորականներ՝ Ներսէս Ջնդոյեանը՝ Մուշի թեմի առաջնորդ, Սարգիս եպս. Աբրահամեանը՝ Կովկասի հայ կաթողիկէների առաջնորդ, Գաբրիէլ վրդ. Նահապետեանը՝Վենետիկի ՄուրադՌաֆայելեան վարժարանի տեսուչ եւ մեծ հայագէտ, եւ այլօք:

     

     

    1914-15թթ. այս գիւղի շատ բնակիչներ մասնակցել են Թուրքիայի եւ Գերմանիայի դէմ մղուող համաշխարհային պատերազմին, պագրեւատրուել Ռուսական կայսրութեան Գէորգեան առաջին կարգի խաչով: Գիւղում ապաստանել են Մեծ Եղեռնից փրկուած բազում հայորդիներ: 1918-20թթ. թուականներին գիւղն ականատես է եղել թուրքերի վայրագութիւններին եւ թալանին, ունեցել զոհեր, կիսել այլ հայկական գիւղերի ճակատագիրը: Բայց գիւղը գոյատեւեց իր հաւատքի շնորհիւ:

     

     Հաւատքի զօրեղ ոգին էր, որ գիւղացիներին ստիպեց պայքարել նաեւ կոմունիստների ճնշումների դէմ: 1936-37թթ. այս գիւղից աքսորուեցին երեք քահանաներ, բայց ժողովուրդը շարունակեց պաշտպանել իր հաւատքը.կանայք կենդանի պատ էին կազմում՝ գիւղի եկեղեցին կոմունիստներից պաշտպանելու համար, նրանք շարունակում էին ինքնակազմակերպուել ու աղօթել եկեղեցում, իրենց տներում: Յիշարժան է Աննման Ջնդոյեանի եւ նրան նման միւս կանանց աննկուն կեցուածքը: Գիւղացիների ճնշմամբ կոմունիստները նոյնիսկ ստիպուած էին վերաբացել իրենց կողմից պահեստի վերածուած եկեղեցին: 1968-1971թթ. գիւղացիներն իրենց ուժերով վերականգնեցին կիսափուլ եկեղեցին՝ չնայած իշխանութիւնների սպառնալիքներին:

     

    Ի վերջո, գիւղացիների խնդրանքով եւ Հռոմի Պապին ուղարկած նամակի շնորհիւ 1991թ. գրեթէ 70 տարուայ դադարից յետոյ գիւղը նորից քահանայ ունեցավ՝ Հ. Կոմիտաս վրդ. Մանուկեանը, ով հսկայական գործ կատարեց.կառուցեց քահանայատունը, վերանորոգեց հիւանդանոցը, օրատորիան: Հ. Կոմիտասը վախճանուեց 1997թ. եւ թաղուեց Եկեղեցու բակում: Նրա գործը շարունակեց Հ. Անտոն ծ. վրդ. Թոթոնջեանը: Հոգեւոր կեանքը գիւղում այսօր զարթոնքի ուղին է բռնել: Եկեղեցին մեծ դժուարութիւններով ջանում է հոգեւոր լիցք հաղորդել գիւղին, իր թեւերի տակ հաւաքել իր զաւակներին, նաեւ մոլորեալ ոչխարներին եւ, ահաւասի՛կ, այդ ջիգերը պսակւում են յաջողութեամբ»:

     

    Վարդապետը մատռան օրհնությունից հետո հոգեհանգստյան կարգ կատարեց Արցախյան հերոսամարտի ժամանակ զոհված փանիկցի ազատամարտիկների շիրիմների մոտ: Ապա գեղեցիկ մշակութային միջոցառում տեղի ունեցավ գյուղի կենտրոնում Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ: Գյուղի պարային համույթի պարմանուհիներն ու պատանիները հանդես եկան գեղեցիկ պարային համարներով: Բարերար եղբայրները Ռուսաստանում իրենց հիմնած կազմակերպության անունից շնորհակալական պատվոգրեր հանձնեցին նախ հայ կաթողիկէ առաջնորդարանին՝ յանձինս Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի՝ մատռան օրհնության և խաչի օծման համար, ապա՝ իրենց համագյուղացիներին, ովքեր մասնակցել էին մատռան շինարարական աշխատանքներին, ինչպես նաև՝ արցախյան պատերազմի ազատամարտիկների, խաղաղ պայմաններում հայ-ադրբեջանական սահմանին վիրավորված նախկին զինծառայողների և այլոց: Երիտասարդների երաժշտական ու պարային ելույթներից հետո գյուղացիների տոնական տրամադրությունը շարունակվեց հրավիրված հայտնի երգիչների՝ Լեյլա Սարիբեկյանի, Դավիթ Ամալյանի կենդանի համերգով:

     

     

    100_5460 100_5463 100_5474 100_5477 100_5482 100_5493 100_5495 100_5497 100_5499 10982198_884380461601244_2161269952920093947_n 11212754_884380304934593_7268844214476642477_n

     

    Հատված՝ Հ. Գառնիկի խոսքից.

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments