Փանիկում օծուեց նորակառոյց մատռան խաչը
2015թ. մայիսի 3-ին՝ Սրբոյ Խաչի Երեւման տօնին Արթիկի տարածաշրջանի Փանիկ գիւղում ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը օծեց գիւղի նորակառոյց մատռան խաչը: Մատուռը կառուցուել է գերեզմանոցում՝ նոյն գիւղի բնակիչներ, գործարարներ Սօս եւ Արամ Բոյաջեանների բարերարութեամբ՝ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի յիշատակութեան առիթով.այդ պատճառով մատուռը ժողովրդապետի կողմից անուանուել է «Սրբոց նահատակաց»: Խաչի օծման արարողութեանը ներկայ էին գիւղի հաւատացեալները, իսկ մայիսի 10-ին կլինի մատռան օծումը՝ աւելի հոծ բազմութեան, նաեւ բարերարների ներկայութեամբ:
Սրբոյ Խաչի երեւման տօնը պատեհ առիթ էր մատռան խաչն օծելու համար՝ որպէս յիշեցում տօնի խորհրդի՝ ապաշխարութիւն՝ Քրիստոսի Սուրբ Խաչի հաւատալով եւ Խաչի միջոցով, ինչպէս ապաշխարեցին երուսաղեմացիները, 4-րդ դարում: Ըստ աւանդութեան, 351թ. մայիսի 7-ին Երուսաղեմի երկնքում երեւացել է խաչի լուսաւոր եւ ճառագայթող մի հոյակապ պատկեր, որը ձգւում էր Գողգոթայից մինչեւ Ձիթենեաց լեռը: Խաչի նշանը տեսնելով շատերը՝ թէ՛ հրեաներ եւ թէ՛ հեթանոսներ, դարձի են եկել ու մկրտուել Սբ. Կիւրեղ Երուսաղեմացու ձեռամբ: Սբ. Կիւրեղ Երուսաղեմացին այս հրաշքի մասին մի նամակ է գրել Կոստանդին կայսրին եւ զորացրել նրա հաւատքը: