«Դրոշմն ավարտ չէ, այլ սկիզբ է, որը նպաստում է հոգևոր հասունացմանը և վկայության պատրաստակամությանը»:
Հոկտեմբերի 30-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը Եկեղեցու կյանքում Սուրբ Հոգու ունեցած ներգործության մասին`հատուկ ուշադրություն դարձնելով Դրոշմի Խորհրդին և նրա դերին քրիստոնյայի կյանքում:
Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին`Նորին Սրբությունն ընդգծեց, որ դրոշմը հենց Սուրբ Հոգու միջոցով է իջնում հավատացյալի վրա`պարգևելով հոգևոր զորություն, ամրապնդելով քրիստոնեական ինքնությունը, օգնելով ավելի խորը հասկանալ Եկեղեցու առաքելությունը: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Նոր Կտակարանում ջրով մկրտության հետ մեկտեղ նշվում է նաև «ձեռքերը դնելու» ծեսը.
«Սուրբ Հոգու թեման՝ որպես «արքայական դրոշմ», որով Քրիստոս դրոշմում է Իր ոչխարներին, ընկած է այդ ծեսով փոխանցվող «անջնջելի բնավորության» ուսմունքի հիմքում: Դրոշմը յուրաքանչյուր հավատացյալի համար այն է, ինչ Պենտեկոստեն ողջ Եկեղեցու համար»:
Եթե մկրտությունը ծննդյան Խորհուրդն է, ապա դրոշմն աճի և վկայության Խորհուրդն է`կապված քրիստոնեական կյանքի հասունության հետ: Այն ամրապնդում է միությունը Քրիստոսի և Եկեղեցու հետ ու տալիս է Սուրբ Հոգու առատ պարգևներ:
Նորին Սրբությանը մտահոգում է, որ որոշ հավատացյալներ դրոշմն ընկալում են որպես հոգևոր ճանապարհի ավարտ, և նրա մեջ չեն տեսնում Եկեղեցու կյանքում ակտիվ մասնակցության սկիզբը: «Դրոշմն ավարտ չէ, այլ սկիզբ է, որը նպաստում է հոգևոր հասունացմանը և վկայության պատրաստակամությանը»: Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, շատ կարևոր է, որ այդ Խորհրդի նախապատրաստությունը ներառի փորձառու աշխարհականներ, ովքեր արդեն զգացել են Սուրբ Հոգու զորությունը և պատրաստ են օգնել մյուսներին, որպեսզի այդ քայլն անեն գիտակցաբար:
«Մենք ոչ միայն ստացել ենք դրոշմն ու զորացել, այլև, ըստ Պողոս առաքյալի, մեզ տրվել է Սուրբ Հոգու առհավատչյան, որը նա անվանում է «Հոգու առաջին պտուղ» (տես`Հռոմ. 8,23): Մենք պիտի համտեսենք ու վայլենք դրա պտուղները, այլ ոչ թե տաղանդն ու շնորհքը գետինը թաղենք»:
Նորին Սրբությունն իր խոսքն ավարտեց հավատքի կենդանի կրակը պահպանելու և ձեռքերը դնելու միջոցով ստացած «Աստծո շնորհը վերարծարծելու» կոչով (2 Տիմ. 1,6):
«Սա հիանալի նպատակ է հոբելյանական տարվա համար. մաքրվենք առօրյայի և անտարբերության մոխիրներից, որպեսզի լինենք օլիմպիական խաղերի ջահակիրների նման և տանենք Սուրբ Հոգու կրակը։ Թո՛ղ Սուրբ Հոգին օգնի մեզ քայլեր անել այդ ուղղությամբ»:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը