«Անհրաժեշտ է տեսնել ժամանակակից աշխարհի տառապանքներն ու ցավը և կույր չլինել մարդկանց կարիքների նկատմամբ»:
Հոկտեմբերի 27-ին՝ եպիսկոպոսական Սինոդի ավարտին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի բազիլիկայում գլխավորեց կիրակնօրյա Պատարագը՝ կոչ անելով Եկեղեցուն չպարփակվել, այլ ծառայել աշխարհին և հատուկ ուշադրություն դարձնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։
Մեկնաբանելով Բարտիմեոսի բժշկման ավետարանական պատմությունը՝ Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այդ կույրը նստած էր ճանապարհի եզրին և մուրում էր (տես`Մկ.10,46): Երբ լսեց, որ անցնողը Հիսուսն է, նա չվախեցավ աղաղակել՝ արտահայտելով իր ցավն ու բժշկվելու ցանկությունը. նա ուշադրություն չէր դարձնում իրեն սաստողներին և շարունակում էր կանչել Հիսուսին: Այս կերպարը խորհրդանշում է նրանց, ովքեր սովորաբար մերժվում են հասարակության կողմից, և վկայում է, թե որքան կարևոր է հավատալ ու ապավինել Աստծո ողորմությանը, ասաց Սրբազան Քահանայապետը:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ Բարտիմեոսի կերպարը նաև հոգևոր կուրության փոխաբերություն է, որը կարող է վերաբերել Եկեղեցուն։ «Անհրաժեշտ է տեսնել ժամանակակից աշխարհի տառապանքներն ու ցավը և կույր չլինել մարդկանց կարիքների նկատմամբ»: Քրիստոնյաները կոչված են պատասխանել այդ աղաղակին, դուրս գալ իրենց շրջանակներից և օգնել ու մխիթարել կարիքավորներին: Հաղթահարելով «կուրությունը»՝ Եկեղեցին կկարողանա տեսնել մարդկության իրական կարիքներն ու պահանջմունքները և կօգնի նրանց:
Սրբազան Քահանայապետը հատուկ ուշադրություն դարձրեց սինոդոսականության ճանապարհին՝ հիշեցնելով, որ Եկեղեցու առաքելությունն է լսել յուրաքանչյուրի ձայնը, քայլել մարդկանց կողքին և հռչակել Ավետարանի բերկրանքը: Եկեղեցին պետք է լինի Սուրբ Հոգով ոգեշնչված համայնք, որը պատրաստ է ծառայության, ողորմածության և եղբայրական աջակցության: Նա կոչված է լույս լինելու բոլոր նրանց համար, ովքեր «կորցրել են հավատը, իրենց օտար կամ հիասթափված են զգում»:
«Եղբայրնե՜ր և քույրե՜ր, թո՛ղ մեր Եկեղեցին չլինի նստած, այլ լինի կանգնած Եկեղեցի, չլինի լուռ, այլ լինի աշխարհի հետ աղաղակող, չլինի կույր, այլ լինի Քրիստոսի լույսով լուսավորված և Ավետարանը հռչակի բոլորին, չլինի անշարժ, այլ լինի միսիոներական, որը Տիրոջ հետ քայլում է մարդկության ճանապարհներով»:
Նորին Սրբությունը հիշեցրեց հավատացյալներին Պետրոս առաքյալի վերջերս վերանորոգված հին գահակալության աթոռի մասին, որը միասնության և ծառայության խորհրդանիշն է: Սինոդոսականության ճանապարհը զոհաբերությամբ և ողորմածությամբ լի միասնության ճանապարհն է: Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին հետևել Քրիստոսին՝ խուսափելով երկրային չափանիշներից, սրտաբաց լինելով մերձավորների կարիքների ու ուրախությունների առաջ՝ նրանց ծառայելու և հույսի ու հավատքի լույսը բերելու համար։
«Այդպիսին է սինոդալ Եկեղեցին. համայնք, որտեղ գերիշխում է Սուրբ Հոգու պարգևը, որը մեզ եղբայրներ է դարձնում Քրիստոսով և բարձրացնում դեպի Նա»:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը