• Սինոդը ներդաշնակություն է և խաղաղության նշան

    «Թո՛ղ հարություն առած Տիրոջ շունչն օգնի մեզ կիսվել ստացած պարգևներով»:


     

    Հոկտեմբերի 26-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանում եզրափակեց եպիսկոպոսական Սինոդը՝ դիմելով ողջ աշխարհի Կաթողիկէ Եկեղեցու ներկայացուցիչներին:

     

    Նորին Սրբության խոսքերի համաձայն, Սինոդի Գլխավոր Ժողովի եզրափակիչ փաստաթուղթը երեք տարվա երկխոսության, աղոթքների, ուշադիր ունկնդրության արդյունքն է, որի նպատակն է հասկանալ Եկեղեցու սինոդականությունը ժամանակակից աշխարհում: Ամեն մի քայլ այդ ճանապարհին օգնում է Եկեղեցու առաքելությանը. Ավետարանը վկայել ոչ միայն խոսքերով, այլ նաև արարքներով:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Սինոդի եզրափակիչ փաստաթուղթն ունի երեք կարևոր հայեցակետ: Նախ, այն շատ կարևոր է անձամբ իր համար, որովհետև մատնանշում է երկխոսության և անկեղծ լինելու անհրաժեշտությունը: Ֆրանցիսկոս Պապը խոստովանեց, որ նաև ինքը պիտի զարգացնի իր լսելու կարողությունը, քանզի դա միակ միջոցն է ճշմարտապես արձագանքելու Քրիստոսի ամենօրյա կոչին. «Զորացրո՛ւ Իմ եղբայրներին և քույրերին, արածեցրո՛ւ Իմ ոչխարներին»։ Եկեղեցին ձգտում է ներդաշնակության՝ Աստծո շնորհով բացվելով Սուրբ Հոգու առաջ՝ խուսափելով կողմնակալությունից և խստությունից:

     

    «Իսկ հիմա, նկատի ունենալով այն ամենը, ինչը հայտնվեց Սինոդի ճանապարհին, մենք պետք է որոշումներ կայացնենք։ Պատերազմի ժամանակաշրջանում մենք պետք է խաղաղության վկաներ լինենք՝ սովորելով իրական լուծումներ գտնել տարաձայնությունների հաշտեցման համար»։

     

    Երկրորդ, եզրափակիչ փաստաթուղթը պարգև է Աստծո Ժողովրդի համար: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Սինոդի մասնակիցներն իրենց համայնքներին կհասցնեն այն ամենը, ինչը քննարկվել է հոկտեմբերյան ժողովի ժամանակ, որպեսզի ընդունված տեքստը «կենդանանա» եկեղեցական կյանքում։ Մասնակիցների անձնական փորձառությունն ու վկայությունն են փաստաթուղթը հասանելի և հասկանալի դարձնում ամբողջ աշխարհի համայնքներում:

     

    «Այն ամենը, ինչը մենք ապրեցինք պարգև է, որը չի կարելի թաքուն պահել: Այդ փորձառության ներքին մղումը, որի արտացոլումն է եզրափակիչ փաստաթուղթը, մեզ խրախուսում է համարձակորեն վկայել, որ հնարավոր է միասին քայլել՝ պահպանելով բազմազանությունը»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ պարգև է նաև միասին քայլելու փորձառությունը, որը դարձավ օրինակ, որ երկպառակության և հակամարտությունների պայմաններում հնարավոր է հասնել միասնության և խաղաղության` երկխոսության ու հաշտեցման ճանապարհով քայլելիս: Եկեղեցին պիտի լինի տուն բոլորի համար՝ անկախ տարաձայնություններից:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ եզրափակիչ փաստաթուղթն արդեն իսկ պարունակում է հատուկ հանձնարարականներ Եկեղեցու առաքելության վերաբերյալ բոլոր մայրցամաքներում և մշակութային տարբեր շրջանակներում, ուստի նա չի կազմի հատուկ հետսինոդական առաքելական հորդոր:

     

    Իր խոսքի ավարտին Ֆրանցիսկոս Պապը շնորհակալություն հայտնեց ժողովի բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ Եկեղեցու հետագա միասնականությունը պահանջում է ժամանակ, աղոթք և երկխոսության պատրաստակամություն:

     

    «Այս ամենը Սուրբ Հոգու պարգևն է, որովհետև հենց Նա է ներդաշնակություն ստեղծում: Թո՛ղ ներդաշնակությունը պահպանվի նաև մեր հեռանալուց հետո և թո՛ղ հարություն առած Տիրոջ շունչն օգնի մեզ կիսվել ստացած պարգևներով»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց