• Ներսէս Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքը հանդիպել է Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիւրեղի հետ

    Ներսէս Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքը հանդիպել է Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիւրեղի հետ


     30 ապրիլի, 2015թ.

     

    Մոսկուայի Պատրիարքութեան պաշտօնական կայքի հրապարակման համաձայն, 2015թ. ապրիլի 29-ին Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ-ը հանդիպել է Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիւրեղի հետ: Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ Բարձշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը, Մոսկուայի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերհ. Հ. Պետրոս վրդ. Պետրոսեանը, Մոսկուայի Պատրիարքութեան Միջեկեղեցական հարաբերութիւնների բաժնի ղեկաւարի տեղակալ Արխիմանդրիտ Ֆիլարետ Բուլեկովը եւ նոյն բաժնի քարտուղար իերոմոնախ Ստեփան Իգումնովը:

     Խօսելով Մեծ Եղեռնի մասին՝ Պատրիարք Կիւրեղն ասել է, որ նման ողբերգութիւնները չեն կարող ջնջուել մարդկանց յիշողութիւնից, իսկ եթէ ջնջուեն, նորից կկրկնուեն: Պատրիարքը անդրադարձել է մեր օրերում Մերձաւոր Արեւելքում եւ Աֆրիկայում քրիստոնեաների դէմ սանձազերծուած հալածանքների սարսափելի պատկերին՝ առանձանցնելով նաեւ Սիրիայում հայերի կրած տառապանքները: «100 տարի առաջ հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը մեզ ստիպում է մտածել, որ այսօր էլ հարկ է պայքարել մարդու իրաւունքների եւ կրոնական ազատութեան պաշտապանութեան համար».ասել է Համայն Ռուսիոյ Պատրիարքը: Նա վստահ է, որ քրիստոնեական եկեղեցիների բոլոր առաջնորդները պէտք է միասին աշխատեն, որպեսզի քրիստոնեաներն ամբողջ աշխարհում իրենց հանգիստ ու վստահ զգան: Ներկայում տեղի ունեցող իրադարձութիւնները առիթ են, որպէսզի տարբեր ազգութեան քրիստոնեաները միմեանց հետ աւելի սերտօրէն գործակցեն եւ միասնական գործեն՝ սեփական իրաւունքների պաշտպանութեան համար: Ռուսիոյ Պատրիարքը նաեւ փաստել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների պատմութիւնները սերտաճած են, եւ երկու ժողովուրդները համերաշխ ու սիրով են միմեանց հանդէպ:

     Ամեն. Տ. Ներսէս Պետրոս ԺԹ-ը, համակարծիք լինելով Պատրիարք Կիւրեղի հետ, ասել է.«Եթէ մենք չհամագործակցենք, միասին չաշխատենք, նման ողբերգութիւնները աշխարհում կշարունակուեն»: Նա խօսել է այն մեծ զոհողութիւնների մասին, որ ոչ միայն հայերը, այլեւ ռուսները եւ շատ այլ ազգեր կրել են եւ կրում են Յիսուսի անուան համար: Նրա խօսքերով, Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաները Ռուսաստանը համարում են իրենց պաշտպանն ու յոյսը: Հոգեւոր Տէրն իր խորին շնորհակալութիւնն է յայտնել Ռուսիոյ Պատրիարքին՝ Մերձաւոր Արեւելքի եւ այլ շրջանների հալածեալ քրիստոնեաներին օգնութիւն ցուցաբերելու համար:

     Յաւարտ հանդիպման հոգեւոր առաջնորդները փոխանակուել են նուերներով.Հոգեւոր Տէրը Ռուսիոյ Պատրիարքին է նուիրել Սբ. Գրիգոր Լուսաւորչի պատկերով մի մեդալեոն, իսկ Ռաֆայէլ Սրբազանը՝ Ղուկաս ավետարանչի պատկերով մի կտաւ:

     

     Նոյն օրը Հոգեւոր Տէրն իր պատուիրակութեամբ հանդիպել է նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Գերշն. Տ. Եզրաս արքեպս. Ներսիսեանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցել են Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների շարունակուող ծրագրերից եւ համագործակցութեան կարելիութիւններից: Հանդիպումից յետոյ Հոգեւոր Տէրը, Եզրաս Սրբազանի հրաուերով մամլոյ ասուլիս է տուել թեմի եկեղեցական լրատուամիջոցներին:

     

    2P20150429-VSN_4158-1200 5P20150429-VSN_4165-1200 5P20150429-VSN_4172-1200

     

     

Օրացույց

Օրացույց