«Ահա սիրտը, որ այնքան շատ սիրեց»:
«Dilexit nos – Նա սիրեց մեզ» սա է Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի չորրորդ շրջաբերականի վերնագիրը, որը լույս տեսավ և ներկայացվեց հոկտեմբերի 24-ին: Շրջաբերականում Նորին Սրբությունը խոսում է «Հիսուս Քրիստոսի սրտի մարդկային և աստվածային սիրո մասին», կոչ անելով նորոգել Նրա հանդեպ իսկական նվիրումը՝ հավատքի քնքշությունն ու ուրախությունը չմոռանալու և ինքներս մեզ ծառայության տակ դնելու համար, որովհետև Հիսուսի սիրտը մեզ մղում է սիրելու և գնալու դեպի եղբայրները։
«Նա սիրեց մեզ», գրում է Պողոս առաքյալը՝ խոսելով Քրիստոսի մասին Հռոմեացիներին ուղղած նամակում (8,37), մեզ բացահայտելու, որ «ոչ մի բան չի կարող մեզ բաժանել Նրանից» (Հռոմ 8,39), այսինքն՝ Քրիստոսից։ Այս նախադասությամբ է սկսվում Սրբազան Քահանայապետի ստորագրած չորրորդ շրջաբերականը, որի բնաբանն է «Dilexit nos – Նա սիրեց մեզ» և նվիրված է Հիսուս Քրիստոսի Սրտի մարդկային և աստվածային սիրուն։
Նա մեզ ասաց. «ձեզ բարեկամներ կոչեցի» (Հովհ. 15,15)։ Նրա բաց սիրտը մեզ է սպասում անվերապահորեն՝ առանց որևէ նախնական պայմանի, որպեսզի կարողանա մեզ սիրել և մեզ առաջարկել իր բարեկամությունը. Նա մեզ առաջինը սիրեց (տես՝ Ա Հովհ. 4,10): Շնորհիվ Հիսուսի «մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր հանդեպ» (Ա Հովհ. 4,16), կարդում ենք շրջաբերականի նախաբանում:
Ֆրանցիսկոս Պապն իր չորրորդ Dilexit nos – «Նա սիրեց մեզ» վերնագրով շրջաբերականը հրատարակեց Սրբուհի Մարգարիտա Մարիա Ալակոկին Հիսուսի Սուրբ Սրտի առաջին հայտնության 350-ամյակի տարում, որին նվիրված տոնախմբությունները կավարտվեն 2025 թվականի հունիսի 27-ին:
Սրտին վերադառնալու կարևորությունը
Հիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքին նվիրված այս շրջաբերականը կազմված է հինգ գլուխներից և արտահայտում է, ինչպես նախապես հայտնել էր Նորին Սրբությունը հունիսի 5-ին, «Նախկին Վարդապետական գրությունների թանկարժեք արտացոլումներն ու երկար պատմությունը, որ սկիզբ է առնում Սուրբ Գրություններից, որպեսզի այսօր համայն Եկեղեցուն առաջարկվի այս հոգևոր գեղեցկությամբ լի պաշտամունքը»:
Քրիստոսի սերը ներկայացված է Նրա Սուրբ Սրտի մեջ
Շրջաբերականի մեջ Սրբազան Քահանայապետն առաջարկում է իսկական նվիրում և խորը երկրպագություն դրսևորել Քրիստոսի սիրո նկատմամբ՝ հիշեցնելով, որ Քրիստոսի Սրտի մեջ մենք «կարող ենք գտնել Ավետարանն իր ամբողջությամբ» և հենց «Նրա Սրտի մեջ է, որ մենք ճանաչում ենք ինքներս մեզ և սովորում սիրել»։
Աշխարհը կարծես կորցրել է իր սիրտը
Նորին Սրբությունը պարզաբանում է, որ Քրիստոսի սիրուն հանդիպելով մենք ևս կարողանում ենք եղբայրական կապեր հյուսել, ճանաչել յուրաքանչյուր մարդ արարածի արժանապատվությունն ու հոգ տանել մեր հասարակաց տան մասին և խնդրում է Տիրոջից, որ «այս անգամ էլ գթա այս վիրավոր երկրին», նրա վրա հեղելով իր «լույսի ու սիրո գանձերը», որպեսզի պատերազմի, սոցիալ-տնտեսական անհավասարության, անզուսպ սպառողականության և տեխնոլոգիաների ոչ էթիկական օգտագործան հրատապ մարտահրավերների առաջ կանգնած աշխարհը կարողանա վերագտնել այն, ինչն ավելի կարևոր ու անհրաժեշտ է, այսինքն՝ սիրո և ողորմության կորցրած արժեքները։
Առաջին Գլուխ. «Սրտի Կարևորությունը»
Առաջին գլուխում Սրբազան Քահանայապետը բացատրում է, թե ինչու է պետք «սրտին վերադառնալ» մի աշխարհում, որտեղ փորձում ենք դառնալ «անհագ սպառողներ» և ընդգծում է սրտի այսօրվա արժեզրկման պատճառները, որոնք գտնվում են «հունական ու նախաքրիստոնեական բանապաշտության և հետքրիստոնեական գաղափարապաշտության ու նյութապաշտության մեջ», որոնք նախընտրեցին «բանականություն, կամք և ազատություն» հասկացությունները։ Եթե սիրտն արժեզրկված է, ապա արժեզրկված է նաև սրտին խոսելը, սրտով գործելը, հասունանալն ու սրտի մասին հոգ տանելը։ Ուստի սրտի համար տեղ չգտնելով` լայն զարգացում չգտավ նույնիսկ «անձնական կենտրոնի գաղափարը», որ կարող է միավորել ամեն ինչ, այսինքն՝ սերը:
Հիսուսի սիրո խոսքերն ու արարքները
Երկրորդ գլուխը նվիրված է Քրիստոսի սիրո խոսքերին ու արարքներին, որոնց միջոցով Նա բացահայտում է իր բարեկամական վերաբերմունքը դեպի մեզ և ցույց տալիս, որ Աստված «մոտիկություն, գթություն ու քնքշություն» է։ Նրա սիրո ամենախոսուն խոսքը «Խաչի վրա մահն» է, գրում է Նորին Սրբությունը:
Ահա սիրտը, որ այնքան շատ սիրեց
Երրորդ գլխում, որի վերնագիրն է «Ահա սիրտը, որ այնքան շատ սիրեց», Սրբազան Քահանայապետը պարզաբանում է Քրիստոսի «եռակի սերը», որը ֆիզիկական, հոգևոր և Աստվածային է: Ֆրանցիսկոս Պապը կոչ է անում նորոգել պաշտամունքը Քրիստոսի Սրտի հանդեպ՝ հասարակության մեջ եղած «անմարմին հոգևորականության նոր դրսևորումներին հակազդելու համար»: Հետևաբար, պետք է վերադառնալ Ավետարանին՝ ի տես հասարակությունների և հովիվների, որոնք կենտրոնացած են արտաքին գործունեության վրա:
Սիրով լցված սրբուհիներ և սրբեր, որոնք «ջուր են տալիս»
«Սերը, որ ջուր է տալիս», սա է չորրորդ գլխի վերնագիրը, որտեղ Նորին Սրբությունը հղում է կատարում Եկեղեցու Վարդապետներին, որոնք խոսեցին «Հիսուսի կողի վերքի մասին` որպես Սուրբ Հոգու ջրի աղբյուր», որ հագեցնում է մեր սիրո ծարավը։
Սրբուհի Մարգարիտա Մարիա Ալակոկին երևումները
Սրբազան Քահանայապետը խոսում է Հիսուսի Սուրբ Սրտի երևումների մասին Սրբուհի Մարգարիտա Մարիա Ալակոկին . 1673 թվականի դեկտեմբերից մինչև 1675 թվականի հունիս ամսվա ժամանակահատվածի ընթացքում։ Այդ երևումները մեզ փոխանցված պատգամի կիզակետն է. «Ահա այն սիրտը, որ այնքան շատ սիրեց մարդկանց»՝ մինչև «սպառվելու և հյուծվելու աստիճան, որպեսզի նրանց վկայեր Իր սերը»:
Նորին Սրբությունը մեջբերում է Սրբուհի Թերեզ Լիզյոացու և Սրբուհի Ֆաուստինա Կովալսկայի փորձառությունները, որոնք մեզ առաջարկում են պաշտամունք «աստվածային ողորմության» նկատմամբ: Պաշտամունք, որ Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը լավ էր յուրացրել։ Ֆրանցիսկոս Պապը զգուշացնում է և խնդրում, որ «ոչ ոք չծաղրի Աստծո սուրբ, հավատարիմ ժողովրդի հավատացյալ եռանդի արտահայտությունները և ժողովրդական բարեպաշտությունը, որով ժողովուրդը ձգտում է մխիթարել Քրիստոսին»: Որովհետև «մխիթարելով՝ մենք կլինենք մխիթարված» և «ինքներս կկարողանանք մխիթարել նրանց, ովքեր կհայտնվեն ամեն տեսակ նեղության մեջ»:
Հիսուս Քրիստոսի Սրտի նկատմամբ պաշտամունքը մեզ մղում է դեպի եղբայրները
«Սեր` սիրո համար» վերտառությամբ հինգերորդ ու վերջին գլխի մեջ Սրբազան Քահանայապետը խորանում է Քրիստոսի Սրտի իսկական պաշտամունքի համայնքային, սոցիալական և միսիոներական հարթության մեջ։ Քրիստոսի Սիրտը մեզ առաջնորդում է դեպի Աստված և ուղարկում եղբայրների մոտ»: Արդարև, եղբայրների նկատմամբ սերը «ամենամեծ արարքն է, որ մենք կարող ենք նվիրել Քրիստոսին, սերը փոխարինելով սիրով», գրում է Ֆրանցիսկոս Պապը և մատնանշում սրբերի օրինակը և Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի խոսքերով հաստատում է «մենք՝ Քրիստոսի Սրտի հետ միասին, կարող ենք ատելությամբ և բռնությամբ լի ավերակների վրա կառուցել շատ ցանկալի սիրո քաղաքակրթությունը, Քրիստոսի սրտի թագավորությունը»:
Նորին Սրբության եզրափակիչ աղոթքը
Շրջաբերականն ավարտվում է Ֆրանցիսկոս Պապի աղոթքով` նվիրված Հիսուսի Սուրբ Սրտին: Նա աղոթում է, որ «Քրիստոսի Սուրբ Սրտից բոլորի համար հորդեն կենդանի ջրի գետեր, բուժելու համար մեր վերքերը, որ մենք ենք պատճառում և զորացնի մեր սիրելու և ծառայելու կարողությունը, որպեսզի միասին քայլենք դեպի ավելի արդար, ավելի զորակից ու ավելի եղբայրական աշխարհ»։
Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը