• Կարոլ Վոյտիլա. հեռավոր երկրից եկած Քահանայապետը

    Ոչ մի Քահանայապետ չի հանդիպել այնքան մեծաթիվ մարդկանց հետ, որքան Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ն:


    Հոկտեմբերի  22-ին Եկեղեցին հիշատակում է Սուրբ Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի ծիսական տոնը։ Նա Հովհաննես ԻԳ Քահանայապետի հետ միասին սուրբ է հռչակվել Ֆրանցիսկոս Քահանայապետի կողմից՝ 2014 թվականի ապրիլի 27-ին:

     

    Կարոլ Վոյտիլան, որ դարձավ Քահանայապետ

     

    Ավազանի անունով` Կարոլ Վոյտիլա, ծնվել է 1920թ. մայիսի 18-ին Վադովիցե քաղաքում, որ 50կմ հեռավորության վրա է գտնվում Կրակովից։ Նա իր մանկության տարիներին ապրել է տարբեր վշտեր:

     

    1942թ-ին գաղտնաբար հաճախում է Կրակովի ավագ նորընծայարանի դասընթացները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Վոյտիլան կարողանում է իր աստվածաբանական ուսումները շարունակել և 1946թ. նոյեմբերի 1-ին ձեռնադրվում է քահանա՝ ձեռամբ կարդինալ Ստեֆան Սապիեհայի: Ունեցել է տարբեր պաշտոններ. փոխժողովրդապետ, Համալսարանի մատրանապետ, ապա Բարոյական Աստուածաբանության ուսուցիչ։ 1958թ. հուլիսին Պիոս ԺԲ Քահանայապետը նրան անվանում է Օմբիի տիտղոսավոր առաջնորդ և Կրակովի թեմի փոխանորդ: Նույն տարվա սեպտեմբերի 28-ին ստանում է եպիսկոպոսական օծումը՝ ձեռամբ արհիապատիվ Եվգենիուշ Բազյակի:

     

    1964թ. հունվարի 13-ին Պողոս Զ Քահանայապետը նրան անվանում է Կրակովի Արքեպիսկոպոս և երեք տարի անց շնորհում է Կարդինալական տիտղոս։

     

    Քահանայապետի ընտրությունը

     

    1978 թվականին Հովհաննես Պողոս Ա Քահանայապետի վաղաժամ մահից հետո, նույն տարվա հոկտեմբերի 16-ին գումարված կարդինալական ժողովի 2-րդ նիստի ընթացքում անակնկալ կերպով Քահանայապետ է ընտրվում Վոյտիլան, որը 455 տարիներից հետո առաջին ոչ իտալացի Քահանայապետն է և առաջին լեհ Քահանայապետը, ինչպէս նաև Սլավ լեզվի պատկան առաջինը։

     

    Հովհաննես Պողոս Բ

     

    Ընտրվելուց հետո Կարոլ Վոյտիլան որոշում է վերցնել Հովհաննես Պողոս Բ անունը՝ ի հարգանք իր նախորդին։ Քահանայապետությունը պաշտոնապես սկիզբ է առնում հոկտեմբերի 22-ին, որպես Սուրբ Պետրոսի 263-րդ հաջորդը: Վոյտիլայի Քահանայապետությունը հատկանշական է տարբեր կարևոր «առաջնություններով», սկսած Քահանայապետության տևողությունից` 27 տարի, Եկեղեցու պատմության ամենից երկարատև շրջաններից մեկը:

     

    Ամենաերկար Քահանայապետություններից մեկը

     

    Քահանայապետության 27 տարիների ընթացքում Հովհաննես Պողոս Բ Իտալիայից դուրս կատարել է 104 առաքելական ճամփորդություններ և 146 այլ այցելություններ Իտալիայի տարածքում: Ապա` որպես Հռոմի եպիսկոպոս, նա այցելել է իր թեմին պատկանող 333 եկեղեցիներ և 317 ժողովրդապետություններ: Նա լավ տիրապետում էր 11 լեզուների, և իր կյանքի ընթացքում փորձել է կամուրջներ կառուցել տարբեր կրոնների և ազգերի միջև՝ համամիության լույսի ներքո, որն եղավ նրան առաջնորդող իսկական փարոսը։

     

    Երիտասարդության Համաշխարհային Օրը

     

    Նրան են պարտական տարբեր թեմերի հաստատման, Լատին և Արևելյան Եկեղեցական Կանոնագիրքերի, ինչպես նաև Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականի վերատեսման ու հրատարակության համար։ Նա հռչակել է հոգևոր արժեքով տարբեր տարիներ, ինչպես Փրկության տարին, Մարեմեան տարին, Սուրբ Հաղորդության տարին, հուսկ 2000 Հոբելենական տարին։ Ցանկանալով երիտասարդներին մոտեցնել Եկեղեցուն՝ հաստատեց Երիտասարդների Համաշխարհային Օրը՝ ոգեշնչվելով 1985թ. մարտի 31-ին Հռոմում տեղի ունեցած երիտասարդական հավաքից։

     

    Հանդիպում միլիոնավոր մարդկանց հետ

     

    Ոչ մի Քահանայապետ չի հանդիպել այնքան մեծաթիվ մարդկանց հետ, որքան Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ն: Նա գլխավորել է 1160 ընդհանուր հրապարակային ունկնդրություններ, որոնց մասնակցել են 17 միլիոն 600 հազար ուխտավորներ, սա դեռ չհաշված հատուկ ունկնդրությունները և կրոնական հավաքներն ու միլիոնավոր հավատացյալները, որոնց նա առիթ է ունեցել ողջունելու իր տարբեր հովվական և առաքելական այցելությունների ընթացքում:

     

    Մահափորձը

     

    Հովհաննես Պողոս Բ նաև մահափորձի թիրախ դարձավ  1981թ. մայիսի 13-ին, որից հրաշքով փրկվեց։ Հիվանդանոցում երկար խնամքից հետո՝ նա ներում է իրեն սպանել ցանկացողին. թուրք Մեհմեթ Ալի Աղջային և  բանտում այցելում նրան:

     

    Փաստաթղթեր

     

    Երկար Քահանայապետության ընթացքում Վոյտիլա Քահանայապետը ստորագրել է տարբեր փաստաթղթեր, որոնց թվում 14 շրջաբերականներ, 15 առաքելական հորդորագիրներ, 11 առաքելական սահմանադրություններ, 45 առաքելական նամակներ։

     

    Մահ և հուղարկավորություն

     

    Հովհաննես Պողոս Բ իր մահկանացուն կնքեց 2005թ. ապրիլի 2-ին, Վատիկանի առաքելական պալատի մեջ, Աստվածային Ողորմության կիրակիի նախօրեին, տոն, որ ինքն ուզում էր հաստատել։ Նա հուղարկավորությունը տեղի ունեցավ 2005 թվականի ապրիլր 8-ին։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց