• Իսկական մեծությունն արտահայտվում է թույլերի  նկատմամբ հոգատարությամբ

    «Մենք կարողանո՞ւմ ենք տեսնել Հիսուսի դեմքը այս աշխարհի փոքրերի մեջ»:


    Սեպտեմբերի 22-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց օրվա ավետարանական ընթերցումը (Մկ. 9, 30-37), որտեղ Հիսուս ասում է, որ «Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն Նրան, և, երբ սպանվի, երրորդ օրը հարություն պիտի առնի» (Մկ. 9,30):

     

    Սակայն Հիսուսին հետևող աշակերտներին լրիվ այլ բան էր մտահոգում, ընդգծեց Նորին Սրբությունը: Երբ Հիսուս հարցնում է նրանց, թե ինչ էին քննարկում Կափառնայումի ճանապարհին, նրանք չեն պատասխանում, որովհետև ամաչում են խոստովանել, որ վիճում էին, թե նրանցից ո՛վ է «մեծը» (Մկ. 9,34):

     

    «Հիսուս նրանց վստահել էր Իր կյանքի իմաստը, իսկ նրանք իշխանությունից էին խոսում: Եվ ահա ամոթը փակում է նրանց բերանները, ինչպես ավելի վաղ հպարտությունն էր փակում նրանց սրտերը: Սակայն Հիսուս բացահայտորեն պատասխանում է աշակերտների այդ փսփսոցներին. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասովորը պիտի լինի» (Մկ. 9,35): Ուզո՞ւմ ես մեծ լինել: Դարձի՛ր փոքր, ծառայի՛ր բոլորին»:

     

    Հիսուս սովորեցնում է մեզ, որ իշխանություն ունեցողների իսկական ուժը ոչ թե բոլորին գերիշխելն է, այլ փոքրերի և թույլերի մասին հոգ տանելը: Հենց դա է մարդուն դարձնում մեծ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Դրա համար էլ Ուսուցիչը մի մանուկ է վերցնում, կանգնեցնում նրանց մեջ, գրկում նրան և ասում. «Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է Իմ անունով, Ինձ է ընդունում» (Մկ. 9,37): Երեխաները չունեն իշխանություն, սակայն կախում ունեն ուրիշներից, ինչպես բոլոր մարդիկ, նրանք ևս ունեն պահանջմունքներ և օգնության կարիք, որպեսզի ապրեն:

     

    Մենք բոլորս ողջ ենք հոգատարության և սիրո շնորհիվ, որը ստացել ենք, ընդգծեց Նորին Սրբությունը, սակայն իշխանության փափագը կարող է մեզ ստիպել մոռանալ այդ ճշմարտության մասին: Գերիշխելու անհագ ցանկությունը դառնում է տառապանքների պատճառ, որի առաջին զոհերն են «փոքրերը, թույլերը, աղքատները».

     

    «Որքա՜ն մարդիկ են տառապում ու մահանում իշխանության համար պայքարելիս։ Դրանք այն կյանքերն են, որոնց մերժում է աշխարհը, ինչպես մերժեց Հիսուսին… Սակայն Ավետարանը կենդանի է և լի հույսով. Նա, Ով մերժվեց, հարություն է առել, Նա Տերն է»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց մտածել հետևյալ հարցերի շուրջ. Մենք կարողանո՞ւմ ենք տեսնել Հիսուսի դեմքը այս աշխարհի փոքրերի մեջ: Հոգ տանո՞ւմ ենք մեր մերձավորների մասին՝ առատաձեռնորեն ծառայելով նրանց: Երախտապա՞րտ ենք նրանց, ովքեր հոգ է տանում մեր մասին:

     

    «Եկե՛ք միասին աղոթենք Սուրբ Կույս Մարիամին, որպեսզի Նրա նման մենք ազատ լինենք սնափառությունից և միշտ պատրաստ լինենք ծառայել»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց