«Թո՛ղ մյուս բոլոր հակամարտություններում ևս գերիշխի խաղաղության հասնելու ձգտումը»:
Սեպտեմբերի 9-ին՝ Թիմոր Լեշթի առաքելական ացելության ընթացքում, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանդիպեց Հանրապետության նախագահի, իշխանության, հասարակական կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Ելույթ ունենալով նախագահական պալատում՝ Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց ջերմ ընդունելության համար և հիշեցրեց այն պատմական կապի մասին, որը երկիրը ունեցել է Եվրոպայի, հատկապես՝ Պորտուգալիայի հետ, որտեղից XVI դարում եկան առաջին դոմինիկյան միսիոներները։ Արևելյան Թիմորը, որն ունի գեղեցիկ բնություն և ռեսուրսներ, վերջերս ծանր պայքար ունեցավ անկախության համար, հիշեցրեց Սրբազան Քահանայապետը և շնորհակալություն հայտնեց Աստծուն, որ երկրի բնակիչները կարողացան ճանապարհ գտնել դեպի խաղաղության և ազատության արշալույսը: Այդ ամենում կարևոր դեր խաղացին կաթողիկէ հավատքի մեջ արմատացած լինելը, Աստծո հանդեպ խոնարհ վստահությունը, ներողամտությունն ու ողորմածությունը, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Այդ առումով ես ցանկանում եմ հատկապես ընդգծել և շնորհակալություն հայտնել ձեր անխոնջ ջանքերին՝ ինդոնեզացի եղբայրների և քույրերի հետ հաշտվելու համար: Ավետարանական ուսմունքը դարձավ այդ ձգտման ամենառաջին, բյուրեղյա մաքուր աղբյուրը: Դուք պահպանեցիք հույսը նույնիսկ դժբախտությունների ժամանակ և, ձեր ժողովրդի բնավորության ու հավատքի շնորհիվ, վիշտը վերածեցիք ուրախության: Թո՛ղ մյուս բոլոր հակամարտություններում ևս գերիշխի խաղաղության հասնելու ձգտումը, որը բժշկում է վերքերը, ատելությունը փոխարինում է հաշտությամբ, իսկ հակադրությունը՝ համգործակցությամբ»:
Սրբազան Քահանայապետը երախտագիտությամբ հիշեցրեց, որ երկրի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ պետությունը որպես «ազգային փաստաթուղթ» ճանաչել է Մարդկային Եղբայրության հռչակագիրը, որը ստորագրել է 2019թ. Ալ-Ազհար Գերագույն Իմամի հետ Աբու Դաբիում: Այս փաստաթուղթը ներառվել է դպրոցական ծրագրում, որը շատ կարևոր է կրթական գործընթացի համար»:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ, չնայած նոր հնարավորություններին, երկիրը կանգնած է անհետաձգելի սոցիալական մարտահրավերների առաջ. արտագաղթ, աղքատություն, ալկոհոլի չարաշահում, երիտասարդական հանցավոր խմբերի աճ, երեխաների և դեռահասների արժանապատվության վիրավորում։ Այս խնդիրների լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում՝ քաղաքացիական, կրոնական և սոցիալական ուժերի մասնակցությամբ, ինչպես նաև համընդհանուր պատասխանատվության ընդունում։ Այդ խնդիրների լուծման և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար, ինչպիսիք են նավթն ու գազը, շատ կարևոր է ապագա առաջնորդների կրթումը և Եկեղեցու սոցիալական ուսմունքի կիրառումը՝ որպես կայուն զարգացման հիմք:
Սրբազան Քահանայապետը կոչ արեց Արևելյան Թիմորի բնակիչներին հույսով նայել ապագային։ Երկրի բնակչության մեծամասնությունը մինչև 30 տարեկան է, և, հետևաբար, անհրաժեշտ են ներդրումներ կրթական ոլորտում, որը «մեծ ուշադրություն կլինի երեխաների և երիտասարդների արժանապատվությանը»: Բացի այդ, երիտասարդական խանդավառության և տարեցների իմաստության համադրումը արժեքավոր ռեսուրս է և «կանխում է հոռետեսությունը»։
Իր ելույթի ավարտին Նորին Սրբությունը երկրի բնակիչներին հանձնեց Սուրբ Աստվածածնի հովանիին.
«Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը ուղեկցի ձեզ և միշտ օգնի ազատ, ժողովրդավարական և միասնական երկիր կառուցել, որտեղ ոչ ոք իրեն լքված չի զգում և ապրում է խաղաղ ու արժանապատիվ»:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը