«Իր մոտիկությամբ Հիսուս բժշկում է մարդկային խլությունը և համրությունը»:
Սեպտեմբերի 8-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պատարագ մատուցեց Պապուա Նոր Գվինեայի մայրաքաղաք Պորտ Մորսբիում: Իշխանությունների տվյալների համաձայն, Sir John Guise մարզադաշտում պատարագին մասնացել է ավելի քան 35.000 մարդ, այդ թվում նաև երկրի վարչապետը:
Իր քարոզում Նորին Սրբությունը խորհրդածեց օրվա ավետարանական ընթերցման շուրջ, որտեղ Հիսուս բժշկում է խուլուհամրին: Մեկնաբանելով այդ հատվածը՝ Սրբազան Քահանայապետն ընդգծում է երկու հանգամանք. խուլուհամրի հեռավորությունը և Հիսուսի մոտիկությունը:
Խուլուհամրի հեռավորությունը, պարզաբանեց Նորին Սրբությունը, կարելի է բացատրել աշխարհագրական տեսանկյունից, քանի որ նա եկել էր Դեկապոլսից, որը հեռու էր Երուսաղեմ կրոնական կենտրոնից: Սակայն կա հեռավորության մեկ տեսակ ևս. խուլուհամրը հեռու է Աստծուց և մարդկանցից, քանի որ չի կարող շփվել. նա խուլ է, այդ պատճառով էլ չի լսում ուրիշներին, նա համր է, այդ պատճառով էլ չի կարող խոսել ուրիշների հետ:
«Այդ մարդը կտրված է աշխարհից, մեկուսացված, բանտարկված է իր խլության և համրության պատճառով և, հետևաբար, չի կարող բացվել ուրիշների առաջ և շփվել նրարց հետ»:
Երբեմն մենք նույնպես կորցնում ենք Աստծո և եղբայրների հետ շփվելու ունակությունը, հաճախ ոչ թե լսողության և խոսքի խնդիրներ ունենալու պատճառով, այլ որովհետև մենք ինքներս ենք փակում մեր սիրտը ուրիշների համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.
«Սրտի ներքին խլություն և համրություն առաջանում է, երբ այն պարփակում է մեզ, հեռացնում Աստծուց և ուրիշներից՝ եսասիրության, անտարբերության, զայրույթի, ատելության և մի շարք այլ պատճառներով: Այս ամենը հեռացնում է Աստծուց, եղբայրներից, ինքներս մեզանից և կյանքի ուրախություններից»:
Այդ հեռավորությանը Աստված պատասխանում է Հիսուսի մոտիկությամբ՝ ցուցաբերելով կարեկցանք և հոգատարություն, շարունակեց Նորին Սրբությունը: Ավետարանական հատվածում մենք տեսնում ենք, թե ինչպես է Հիսուս ուղևորվում հեռու վայրեր, լքում Հրեաստանը՝ հեթանոսներին հանդիպելու համար (տես՝ Մկ. 7,31):
«Իր մոտիկությամբ Հիսուս բժշկում է մարդկային խլությունը և համրությունը»: Իսկապես, ամեն անգամ, երբ մենք հեռանում ենք կամ որոշում ենք մեզ հեռու պահել Աստծուց, մեր եբայրներից ու քույրերից կամ էլ նրանցից, ովքեր տարբերվում են մեզանից, մենք պարփակվում ենք և մեկասանում աշխարհից: Սակայն Հիսուս մոտիկանում է և, ինչպես խուլին, ասում է «Բացվի՛ր» (Մկ 7,34)»:
Քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ օրվա Ավետարանը կարևոր ուղերձ ունի Պապուա Նոր Գվինեայի բնակիչների համար.
«Եղբայրնր և քույրեր՝ լինելով Խաղաղ օվկիանոսում, հնարավոր է, որ դուք հեռավորություն եք զգում Տիրոջից, ուրիշներից, սակայն դա այդպես չէ, որովհետև դուք միասնական եք Սուրբ Հոգու մեջ, Աստծո մեջ, և Տերն ասում է ձեզանից յուրաքանչյուրին. «Բացվի՛ր»: Սա ամենակարևորն է. սիրտը բացել Աստծո, եղբայրների ու քույրերի, Ավետարանի առաջ: Թո՛ղ Տերը լինի մեր կյանքի կողմնացույցը»:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը