• Եկեղեցու առաքելությունը խիզախ է, գեղեցիկ, հույսով լի

    «Միմյանց ծառայելով՝ մենք ցույց ենք տալիս, թե որքան հիանալի է հետևել Հիսուսին և հռչակել Նրա Ավետարանը»։


    Սեպտեմբերի 7-ին Պապուա Նոր Գվինեա հովվական այցելության ընթացքում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Պորտ Մորսբի քաղաքում գտնվող Սուրբ Կույս Մարիամ՝ Քրիստոնյաների օգնական սրբավայրում հանդիպեց տեղի հոգևորականության, կուսակրոնականների, սեմինարիստների և հովվական աշխատողների հետ:

     

    Պապուա Նոր Գվինեայի և Օվկիանիայի շրջանի ողջ Եկեղեցու անունից Նորին Սրբությանը ջերմորեն ողջունեց տեղի եպիսկոպոսների կոնֆերենցիայի նախագահ մոնսինյոր Օտտո Սեպարին։

     

    Հավատացյալներին ուղղված իր խոսքում Ֆրանցիսկոս Պապը հայտնեց իր ուրախությունը՝ թեմական սրբավայր այցելելու կապակցությամբ: Նա հիշեցրեց, որ 1844 թվականին Սուրբ Աստվածամայրը ոգեշնչեց սբ. Իոան Բոսկոյին իր պատվին կառուցել այդ տաճարը՝ խոստանալով, որ, եթե նա քաջություն հավաքի և սկսի կառուցել այդ սրբավայրը, ապա մեծ շնորհներ կուղարկվեն նրան: Այդպես էլ եղավ. Եկեղեցին կառուցվեց Իտալիայի Թուրին քաղաքում, այն դարձավ Ավետարանը հռչակելու, երիտասարդներին ուսուցանելու և բարեգործության գեղեցիկ կենտրոն, կողմնորոշիչ գործոն շատերի համար:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Սուրբ Կույս Մարիամ՝ Քրիստոնյաների օգնական սրբավայրը Պորտ Մորսբիում, որը ոգեշնչված է սբ. Իոան Բոսկոյի պատմությամբ, կարող է խորհրդանիշ լինել բոլորի համար, հատկապես քրիստոնեական և միսիոներական ճանապարհների երեք կարևոր հատկանիշների համատեքստում. սկսելու քաջություն, գոյության ուրախություն և աճելու հույս:

     

    Ամենից առաջ, ընդգծեց Նորին Սրբությունը, այս սրբավայրի գոյությունը հնարավոր եղավ միսիոներների խիզախ ձեռնարկումների շնորհիվ, որոնք Պապուա Նոր Գվինեա էին եկել XIX դարի կեսերին: Չնայած բազմաթիվ դժվարություններին ու անհաջողություններին՝ նրանք չէին հանձնվում: Առաքելական նախանձախնդրությամբ, ոգեշնչված Հոգով և Քրիստոսի սիրով, նրանք շարունակում էին քարոզել Ավետարանը և ծառայել իրենց եղբայրներին ու քույրերին՝ շատ անգամներ սկսելով նորից և իրենց զոհաբերելով Աստծո գործի համար: Քրիստոնյաները մենակ չեն իրենց նախաձեռնություններում, որովհետև Տերը գործում է նրանց մեջ և նրանց միջոցով՝ դարձնելով նրանց Իր շնորհի գործիքները:

     

    Խոսելով քրիստոնեական և միսիոներական ճանապարհների երկրորդ հատկանիշի մասին՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ «Գոյության գեղեցկությունը խորհրդանշում են թանկարժեք ծովային խեցիները, որոնք զարդարում են այդ Եկեղեցու խորանը, որը բարգավաճման նշան է: Նրանք մեզ հիշեցնում են, որ Երկնային Հոր աչքերում ամենաթանկարժեք գանձերը մենք ենք, ովքեր հավաքված են Քրիստոսի շուրջը՝ Կույս Մարիամի քողի տակ, հոգեպես միացած բոլոր եղբայրների և քույրերին, որոնց Տերը վստահել է մեզ և որոնք, թեև չեն կարող լինել այստեղ, սակայն առաջնորդվում են ցանկությամբ, որ ամբողջ աշխարհը ճանաչի Ավետարանը և մեզ հետ կիսի նրա զորությունն ու լույսը»։

     

    Նորին Սրբությունն ընդծեց, որ մեր խնդիրն է կիսվել մեր համայնքի ուրախությամբ, որը կենդանի քարերից կառուցված հյուրընկալ տուն է և միավորված է Տիրոջ սիրով: Միմյանց ծառայելով՝ մենք ցույց ենք տալիս, թե որքան հիանալի է հետևել Հիսուսին և հռչակել Նրա Ավետարանը:

     

    Անդրադառնալով քրիստոնեական ճանապարհի երրորդ հատկանիշին, որն աճելու հույսն է, Սրբազան Քահանայապետը բերեց հավատքի հայրապետների օրինակը. Աբրահամ, Իսահակ և Մովսես, ովքեր իրենց հավատքի համար ունեցան բազմաթիվ սերունդներ: Հավատքի այս վկայությունը «քաջալերում է մեզ այսօր վստահ լինել մեր առաքելության պտղաբերության մեջ՝ շարունակելով բարության փոքրիկ սերմեր նետել աշխարհի արոտավայրերում»։ «Սուրբ Պողոսը հիշեցնում է մեզ, որ մեր սերմանածի բողբոջումը մեր սեփական աշխատանքը չէ, այլ Տիրոջ: Մայր Եկեղեցին նույն բանն է սովորեցնում՝ ընդգծելով, որ նաև մեր ջանքերի շնորհիվ է, որ Աստված Ինքն է նախապատրաստում Իր Արքայության գալուստը երկիր։ ‹…› Շարունակե՛ք ձեր առաքելությունն այդ ուղղությամբ՝ որպես խիզախության, գեղեցկության և հույսի վկաներ: Ես երախտապարտ եմ ձեր աշխատանքի համար, ի սրտե օրհնում եմ ձեզ և խնդրում, որ չմոռանաք աղոթել ինձ համար», – ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց