• Մարդաբանական հեղափոխությունը մարտահրավեր է բոլոր քրիստոնյաների համար

    «Մարդաբանական հեղափոխությանը չի կարելի արձագանքել միայն ժխտողականությամբ և քննադատությամբ»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ուղերձ է հղել Տրանիում (Ապուլիա) տեղի ունեցած 17-րդ միջքրիստոնեական սիմպոզիումի մասնակիցներին՝ «Ի՞նչ է մարդը մարդաբանական փոփոխությունների ժամանակի մեջ»: Միջոցառումը կազմակերպել էր Ֆրանցիսկյան ինստիտուտի Antonianum Հայրապետական հոգևոր համալսարանը Սալոնիկի (Հունաստան) Aristoteles համալսարանի ուղղափառ աստվածաբանական ֆակուլտետի հետ միասին:

     

    Նորին Սրբության խոսքերի համաձայն, մարդաբանական արագընթաց փոփոխությունները կառույցվածքայնորեն փոխում են հենց այն ձևն ու եղանակը, որով մեր ժամանակակիցները «ընկալում են իրենց գոյության հիմնական փորձառությունը, ինչպիսիք են վերարտադրությունը, ծնունդը, մահը»: Այդ առումով տեղի է ունենում «իսկական հեղափոխություն», և հատկապես կարևոր է այն, որ կաթոլիկ և ուղղափառ քրիստոնյաները միասին են մտածում դրա շուրջ, ընդգծում է Սրբազան Քահանայապետը: Տեղեկատվական հեղափոխությամբ պայմանավորված փոփոխությունները, արհեստական բանականության զարգացումը, գիտության ոլորտում մեծ առաջընթացը, ստիպում են մարդկանց «վերանայել իրենց ինքնությունը, իրենց դերն աշխարհում և հասարակության մեջ, ինչպես նաև իրենց կոչումը տրանսցենդենտալ, անդրանցական ոլորտում»: Փաստորեն «մարդու առանձնահատկությունը ողջ արարչագործության համատեքստում, նրա եզակիությունն այլ կենդանի էակների նկատմամբ և նույնիսկ մեքենաների հետ նրա հարաբերությունները մշտապես կասկածի տակ են դրվում»։

     

    Այս մարդաբանական հեղափոխությանը «չի կարելի արձագանքել միայն ժխտողականությամբ և քննադատությամբ», պնդում է Նորին Սրբությունը: Անհրաժեշտ են խորը հետազոտություններ, որոնք կթարմացնեն մտածողությունը և կայացվելիք որոշումները, ընդորում, այս մարտահրավերը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին:

     

    «Սուրբ Գրքի ուսմունքի և քրիստոնեական ավանդության լույսի ներքո անհրաժեշտ է հաստատել, որ ամեն մարդ իր գոյությամբ արդեն իսկ ունի արժանապատվություն, որպես հոգևոր էակ՝ ստեղծված Աստծա կողմից և Նրա հետ որդիական հարաբերություններ ունենալու համար» (տես՝ Եփես. 1,4-5):

     

    Ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ քրիստոնեական Եկեղեցիները կոչված են միասին պաշտպանելու այդ բարձր արժանապատվությունը «շատ կոնկրետ սպառնալիքներից, ինչպիսիք են աղքատությունը, պատերազմը և շահագործումը»։

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց