«Եկե՛ք միավորենք մեր սրտերն ու ուժերը, որպեսզի ծովերն ու անապատները այլևս գերեզմաններ չլինեն»:
Օգոստոսի 28-ի հրապարակային ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խոսեց գաղթականներին օգնելու մասին, որոնք ստիպված են անցնել ծովեր և անապատներ՝ խաղաղություն և անվտանգություն որոնելիս:
Նորին Սրբության խոսքերի համաձայն, ծովն ու անապատը աստվածաշնչյան խորհրդանշական վայրեր են, որոնք ցույց են տալիս գաղթականների տառապանքն ու պայքարը՝ հանուն ազատության: Ժամանակակից աշխարհում շատ հայտնի և անհայտ գաղթի ճանապարհներ անցնում են ջրային և ցամաքային ուղիներով, որտեղ փախստականներին սպառնում են լուրջ մահացու վտանգներ: Սրբազան Քահանայապետը հատուկ ընդգծեց, որ Միջերկրական ծովը ժամանակին եղել է ժողովուրդների և քաղաքակրթությունների հաղորդակցության խորհրդանիշ, սակայն այսօր վերածվել է գերեզմանոցի, ընդորում մահացածների մեծ մասին հնարավոր էր փրկել: Ֆրանցիսկոս Պապը դատապարտեց բոլոր նրանց, ովքեր «համակարգված և բոլոր հնարավոր միջոցներով ետ էն մղում գաղթականներին». նրանք ծանր մեղք են գործում: Աստվածաշունչն արգելում է կեղեքել պանդուխտներին (տես՝ Ելք 22,21), իսկ «որբը, այրին և օտարականը աղքատներ են, որոնց Աստված միշտ պաշտպանում է և խնդրում, որ պաշտպանեն»:
«Ցավոք, որոշ անապատներ դառնում են գերեզմանոցներ գաղթականների համար: Հաճախ խոսքը չի վերաբերում է «բնական» մահերին,որովհետև երբեմն մարդկանց բերում են անապատ և լքում: Արբանյակների և անօդաչու թռչող սարքերի դարում դեռ կան գաղթականներ՝ տղամարդիկ, կանայք և երեխաներ, որոնց ոչ ոք չպետք է տեսնի: Միայն Աստված է տեսնում և լսում նրանց աղաղակը: Հենց այսպիսին է մեր քաղաքակրթության դաժանությունը»:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ ծովում և անապատում գաղթականների մահվան խնդիրը չի լուծվում օրենքների խստացմամբ, սահմանների ռազմականացմամբ կամ տեղահանությամբ: Ընդհակառակը, պետք է ընդլայնվեն անվտանգ և օրինական գաղթային ճանապարհները, իսկ պատերազմից, բռնությունից և աղետներից փախչողների համար պիտի հեշտացվեն ապաստարան ստանալու հնարավորությունները, ինչպես նաև խթանվեն գաղթականության ընդհանուր կառավարումը, որի հիմքում արդարության, եղբայրության և համերաշխության սկզբունքներն են: Շատ կարևոր է նաև համախմբված պայքարել մարդավաճառության դեմ և կանգնեցնել հանցավոր խմբերին, որոնք անխղճորեն օգուտներ են քաղում մարդկային տառապանքներից:
Սրբազան Քահանայապետը բարձր գնահատեց «բազմաթիվ բարի սամարացիների» ջանքերը, որոնք անում են ամեն ինչ վիրավոր և հուսալքված գաղթականներին փրկելու համար: Սակայն յուրաքանչյուր քրիստոնյա էլ կարող է իր ներդրումն ունենալ այս պայքարում. «Կան բազմաթիվ ճանապարհներ, դրանցից մեկն էլ աղոթքն է»:
Խոսքի ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին.
«Սիրելի՜ եղբայրներ և քույրեր, եկե՛ք միավորենք մեր սրտերն ու ուժերը, որպեսզի ծովերն ու անապատները այլևս գերեզմաններ չլինեն, այլ դառնան վայրեր, որտեղ Աստված բացում է ազատության և եղբայրության ճանապարհը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը