• Մահապատիժը թույն է հասարակության համար

    «Մահապատիժը չի լուծում բռնության խնդիրը, որը սպառնում է անմեղ մարդկանց»:


    Օգոստոսի 27-ին վաճառքում կհայտնվի Դեյլ Ռեսինելլայի «Քրիստոնյան մահապարտների բանտախցում: Իմ ծառայությունը դատապարտյալների կողքին» գիրքը, որը հրապարակել է Վատիկանի գրքի հրատարակչությունը (LEV): Գրքի նախաբանը գրել է Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը:

     

    72-ամյա Ռեսինելլան՝ Ուոլ Սթրիթի նախկին հաջողակ փաստաբանը, 1998թ-ից իր կնոջ՝ Սյուզանի հետ հոգևոր աջակցություն են ցուցաբերում Ֆլորիդայի բանտերում գտնվող բանտարկյալներին՝ որպես աշխարական մատրանապետ: Գրքում նա պատմում է, թե ինչպես է իր կյանքը փոխվել Հիսուսին ճանաչելուց հետո:

     

    Նորին Սրբությունը նախաբանում ընդգծում է, որ Ավետարանը հանդիպում է կենդանի Անձի՝ Հիսուսի հետ, Ով կարող է փոխել մարդկային կյանքեր: Քրիստոս մեր կյանքը լցնում է իմաստությամբ ու մշտավառ ուրախությամբ: Ռեսինելլայի պատմությունը հաստատում է դա. նա այլ ծրագրեր ուներ ապագայի համար, սակայն դառնում է մատրանապետ՝ մահվան դատապարտվածների համար, և բախվում է չարիքի հետ, որը դրսևորվում էր ամենատարբեր ձևերով:

     

    «Մահապատիժը չի լուծում բռնության խնդիրը, որը սպառնում է անմեղ մարդկանց», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:  Արդարությունից շատ հեռու մահապատիժը միայն սնուցում է  վրեժխնդրությունը, որն էլ դառնում է վտանգավոր թույն քաղաքակիրթ հասարակությունների համար: Պետությունները պիտի բանտարկյալներին իրենց կյանքը փոխելու հնարավորություն տան, այլ ոչ թե ներդնեն ռեսուրսներ նրանց ճնշելու համար, կարծես նրանք չունեն կյանքի իրավունք:

     

    Դեյլի և նրա կնոջ Սյուզանի ծառայությունը մեծ պարգև է Եկեղեցու և ԱՄՆ-ի հասարակության համար, քանի որ այն վկայում է Աստծո անսահման ողորմածության մասին: Երբեք չպետք մտածել, որ մեղքերը մարդուն վերջնականապես հեռացնում են Տիրոջից, որովհետև Քրիստոսի սիրտն արդեն խաչված է մեզ համար և Նա ներում է շնորհում: Իհարկե, ընդգծում է Նորին Սրբությունը, Աստվածային ողորմածությունը կարող է գայթակղության քար դառնալ, ինչպես և տեղի ունեցավ Հիսուսի ժամանակներում: Դեյլ Ռեսինելլան իր ծառայության պատճառով հաճախ է բախվում քննադատության և թշնամանքի հետ: Սակայն Տերը գրկում է մեղավորներին, և Ռեսինելլան հասկանում է, որ Աստծո սերն անսահման է և անվերապահ: Մեղքերը չեն խեղաթյուրում մարդու էությունն Աստծո աչքերում. մենք մնում ենք Նրա սիրելի զավակները:

     

    Սրբազան Քահանայապետն անկեղծ շնորհակալություն է հայտնում գրքի հեղինակին. նրա ծառայությունը մահապարտների բանտախցում Աստծո անսահման ողորմածության կենդանի վկայությունն է: Տերն Իր անշահախնդիր սերն է ուղարկում յուրաքանչյուրին, այդ թվում նրանց, ովքեր չարիք են գործել: Միայն սիրով լի հայացքի շնորհիվ, որը նման է Խաչյալ Քրիստոսի հայացքին, մարդիկ կարող են նոր իմաստ տալ իրենց կյանքին ու մահվանը, եզրափակում է Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց