• Հաղորդությունը հագեցնում է սրտի քաղցը

    «Արդյո՞ք մենք փրկություն ենք տենչում միայն մեզ, թե՞ նաև ուրիշների համար»:


    Հիսուս հոգ է տանում մեր ամենամեծ կարիքի մասին. Նա փրկում է մեզ՝ սնելով Իր սեփական, հավերաժական կյանքով: Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ապրել Աստծո և միմյանց հետ հաղորդակցության մեջ, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Խորհրդածելով օրվա ավետարանական ընթերցման շուրջ, որտեղ Հիսուս պնդում է, որ Նա է «կենդանի հացը, որ երկնքից է իջած», Նորին Սրբությունն ընդգծում է. Տիրոջ այս խոսքերը պետք է ընդունել զարմանքով և երախտագիտությամբ։ Զարմացնում է այն, որ Հիսուս՝ Աստծո Որդին, Իրեն նույնացնում է հացի հետ, որն ամենահասարակ ու առօրեական սնունդն է: «Երկնքից իջած հացը պարգև է, որը գերազանցում է բոլոր սպասելիքները: Մարմինն ու Արյունը Փրկչի մարդկային էությունն են, Նրա սեփական կյանքը՝ որպես կերակուր մեզ մատուցված»,- ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Այս ամենը մեր սրտերում արթնացնում է խորը երախտագիտություն, որովհետև մենք ճանաչում ենք Տեր Հիսուսին այնտեղ, որտեղ Նա ներկա է մեզ համար և մեր հետ է, որտեղ Նա դառնում է ճշմարիտ կերակուր և ճշմարիտ խմելիք, – շարունակեց Նորին Սրբությունը.

     

    «Քրիստոս՝ ճշմարիտ մարդը, հիանալի գիտի, որ ապրելու համար անհրաժեշտ է սնվել: Սակայն Նա նաև գիտի, որ դա բավարար չէ: Բազմացնելով երկրային հացը՝ Նա էլ ավելի մեծ պարգև է պատրաստում. Հենց Ինքն է դառնում ճշմարիտ հաց ու ճշմարիտ խմելիք (տես՝ Հվհ. 6,1-14): Եկե՛ք այդ ամենի համար ի սրտե շնորհակալություն հայտնենք Տեր Հիսուսին»:

     

    Մենք երկնքից իջած հենց այդ Հացի կարիքն ունենք, որն Աստծո Որդին է, Ով մեզ համար մարմնացավ, որովհետև Նա հագեցնում է հույսի, ճշմարտության, փրկության մեր քաղցը, ասաց Սրբազան Քահանայապետն ու ընդգծեց, որ Հաղորդությունը՝ «կենդանի ու ճշմարիտ հացը», ինչ-որ կախարդական բան չէ, որը կարող է լուծել բոլոր խնդիրները մեկ հարվածով, սակայն այն մեծ հույս է մեր աշխարհում, որը հաճախ է աղքատներին զրկում հանապազօրյա հացից:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց մտածել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք մենք փրկություն ենք տենչում միայն մեզ, թե՞ նաև ուրիշների համար: Հաղորդություն ստանալիս, որը ողորմության հրաշքն է, արդյո՞ք մենք զգում ենք երկյուղածություն «տիրոջ Մարմնի առաջ, Ով մահացավ և հարություն առավ մեզ համար»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն աղոթեց ու ասաց. թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ, որպեսզի միշտ ընդունենք Սուրբ Հաղորդության երկնային պարգևը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց